Թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ամերիկյան The Ring ամսագրի կողմից ընդգրկվել է անկախ քաշային կարգից փետրվար ամսվա 10 լավագույն բռնցքամարտիկների շարքը: Հայ բռնցքամարտիկը եզրափակում է լավագույն տասնյակը: Դա ինչ խոսք, Վախթանգ Դարչինյանի տաղանդի գնահատականն է: Հայ բռնցքամարտիկն իր մրցելույթներով, տոնած տպավորիչ հաղթանակներով բազմիցս ապացուցել է, որ ոչ միայն իր քաշային կարգում է ուժեղագույնըՙ նվաճելով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը, այլեւ աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկն է: Վախթանգը դա մեկ անգամ եւս ապացուցեց փետրվարին Խորխե Արսեի հետ անցկացրած մենամարտում: Այն չափազանց մեծ հետաքրքրություն էր առաջացրել բռնցքամարտի սիրահարների շրջանում: ԱՄՆ-ում կայացած այդ մենամարտում «Կատաղած ցուլը» մեկ անգամ եւս դրսեւորեց իր բարձր վարպետությունըՙ ստիպելով մրցակցին ժամկետից շուտ հանձնվել: 11-րդ ռաունդի ավարտից հետո Դարչինյանի հուժկու հարվածներից գրեթե ուժասպառ եղած Խորխե Արսեն այլեւս չկարողացավ շարունակել մենամարտը:
Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 32 հանդիպում, որից 30-ում հաղթել է: Դրանցից 26-ը Վախթանգն ավարտել է ժամկետից շուտ: Մեկ մենամարտ հայ բռնցքամարտիկն ավարտել է ոչ-ոքի եւ կրել է ընդամենը մեկ պարտություն: Դա պատահեց 2007-ին ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտում: Արդեն 5-րդ ռաունդում մրցակցի անսպասելի հուժկու հարվածը նոկաուտի ենթարկեց Դարչինյանին: Թեեւ ծանր պարտությանը, Վախթանգը չընկճվեց ու տեղափոխվելով քաշային հաջորդ կարգ, էլ ավելի մեծ հաջողությունների հասավ:
Հաղթելով ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին, Դարչինյանը նվաճեց թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այնուհետեւ Վախթանգի հուժկու հարվածներին չդիմացավ նաեւ WBC-ի եւ WBA-ի վարկածներով չեմպիոնական գոտիների տեր Քրիստիան Միխարեսը: Վերջինիս նկատմամբ հաղթանակը Վախթանգին աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսին արժանացրեց: Նշենք, որ նա քաշային այդ կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնն է:
The Ring ամսագրի կազմած 10 լավագույն բռնցքամարտիկների ցուցակը գլխավորում է ֆիլիպինցի Մենի Պակյաոն: 2-րդ տեղում թեթեւ քաշում WBA-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Խուան Մանուել Մարկեսն է: Լավագույն եռյակը եզրափակում է միջին քաշում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Բեռնարդ Հոպկինսը: Նրան հաջորդում է թեթեւ քաշում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Իսրայել Վասկեսը: Տասը լավագույնների թվում են նաեւ կիսամիջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն, ամերիկացի Շեյն Մոզլին, մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը, պուերտոռիկացի Իվան Կալդերոնը, բրիտանացի Ռիկի Հատոնը եւ պանամացի Չելեստինի Կաբալերոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ