Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց: Թեեւ մրցակիցը Կիպրոսի բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Ապոլոնն» էր, սակայն վերջինս խաղին ներկայացավ ոչ հիմնական կազմով: Դա բնականաբար իր կնիքը թողեց մրցակցության վրա: Հայաստանի չեմպիոնի առավելությունը բացահայտ էր, որը 7 անպատասխան գնդակ խփեց: 2-ական գոլի հեղինակ դարձան Ալբերտ Թադեւոսյանը, Գեւորգ Ղազարյանն ու կոլումբիացի Օսկար Դարիոն: Մեկ գնդակ էլ իր օգտին գրանցեց Հենրիխ Մխիթարյանը:
Այդ խաղում եւս «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հնարավորություն ունեցավ փորձարկելու լեգեոնականներին: Բացի Օսկար Դարիոյից, խաղին մասնակցեցին նաեւ արգենտինացի պաշտպաններ Նիկոլաս Կուիլեռնոն ու Մարկոս Գաբրիելը, Էմանուել Մբոլան: «Փյունիկի» հետ պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» սան Արտակ Ալեքսանյանը, որը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա Հայաստանում: Մինչեւ մարտի 14-ին Երեւան վերադառնալը, «Փյունիկը» մտադիր է Կիպրոսում եւս երկու ստուգողական հանդիպում անցկացնել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ