«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2009-03-10 | #42, 2009-03-11 | #43, 2009-03-12


ՌԵՎԱԶ ԳԱՉԵՉԻԼԱՁԵՆ ԱՐԴԵՆ ԱԳՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆ Է

Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի մեր երկրում պաշտոնավարման ժամկետը լրացել է, նա այդպիսով ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը: Երեկ «Ազգը» հրապարակել էր, որ արդեն որոշ ժամանակ Հայաստանում չէ մեր երկրում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: Նշվում էր նաեւ, որ դեսպանի հեռանալը տարբեր մեկնաբանությունների ու կարծիքների տեղիք էր տվել, ավելի հավանական էր այն տարբերակը, թե Վրաստանը Հայաստանից հետ է կանչել իր դեսպանին:

Երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանատնից «Ազգը» ճշտեց, որ Ռեւազ Գաչեչիլաձեն Երեւանում է, թեեւ, իսկապես, այլեւս մեր երկրում Վրաստանի դեսպանը չէ: Բանն այն է, որ դեռեւս փետրվարի 26-ին ստորագրված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով դեսպանն ազատվել է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը գլխավորելու պաշտոնից, քանի որ լրացել է մեր երկրում նրա պաշտոնավարման 4 տարին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Ռեւազ Գաչեչիլաձեին: Կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, Գաչեչիլաձեն նշել է, որ իր դիվանագիտական գործունեության շրջանում առիթ է ունեցել ուշի ուշով հետեւելու վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, այդ տեսանկյունից դիտելու նաեւ Վրաստանում ընթացող զարգացումները, ինչը, ըստ նրա, օգնել է իրեն որոշակի փորձ կուտակելու ինչպես երկու երկրների համագործակցության ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում:

«Իմ դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվելու կապակցությամբ, Հայաստանից մեկնում եմ հարգանքով` այս երկրի, եւ սիրով` հայ ժողովրդի նկատմամբ», ասել է Ռեւազ Գաչեչիլաձեն:

Ամեն դեպքում, արդեն Վրաստանի նախկին դեսպանը դեռեւս Հայաստանում է: Բայց արդեն ոչ թե որպես Վրաստանի դեսպանատան ղեկավար, այլ որպես վրաց արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան, որը մասնակցում է Հայաստանում վրացական մշակույթի օրերի միջոցառումներին: Այժմ Վրաստանը Հայաստանում ներկայացնում է դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Գոչա Գվարամաձեն:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4