4-րդ եռամսյակ են տեղափոխվում ռիսկային եկամուտներն ու ոչ առաջնահերթ ծախսերը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարությունը երեկ որոշեց բյուջեում վերաբաշխումներ կատարել: Ներկայացնելով որոշումը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լավատեսության հույսեր չի ներշնչում, անկման (ռեցեսիայի) մեջ են հայտնվել ԱՄՆ, եվրոպական երկրների եւ Ռուսաստանի տնտեսությունները, ինչն էապես ազդում է նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Նպատակ ունենալով կանխատեսելի դարձնել բյուջեի ընթացակարգերը եւ օպտիմալացնել հարկահավաքումը, բյուջեի եկամտային մասից 131 մլրդ դրամ 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներից տեղափոխվեց 4-րդ եռամսյակ: Ֆինանսների նախարարը, միաժամանակ առաջարկեց անդրադառնալ 2010-2012 միջնաժամկետ ծախսային ծրագրին եւ կասեցնել այն ժամանակավորապես, քանի որ ներկա պայմաններում դժվար է կանխատեսումներ անելը: Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վերջին 3 ամսվա ընթացքում Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը 4 անգամ փոխել են իրենց կանխատեսումները համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ: Նա ընդգծեց, որ պետք է խնայենք եւ ծախսենք այնքան, որքան կարող ենք հարկեր հավաքել: Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ, ըստ էության, անցում է կատարվում բյուջեի եռամսյակային պլանավորմանը եւ յուրաքանչյուր եռամսյակ անդրադարձ է կատարվելու դրան:
Բյուջեի վերաբաշխումների մասին առավել մանրամասն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն անդրադարձավ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա մասնավորապես հայտնեց, որ 4-րդ եռամսյակ են տեղափոխվել 131 մլրդ դրամ ռիսկային համարվող հարկային եկամուտները եւ 93 մլրդ դրամ ծախսերը: Ըստ ֆինանսների նախարարի, եթե տնտեսական գործընթացները ծավալվեն լավատեսական սցենարով, ապա այդ ծախսերը կկատարվեն 4-րդ եռամսյակում, եթե ոչ, ապա կրկին անդրադարձ կլինի այս խնդրին: Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ծախսային վերաբաշխումներ չեն կատարվի սոցիալական ծախսերիՙ աշխատավարձերի, թոշակների, նպաստների մասով, որոնք կազմում են մոտ 250 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի գրեթե 25 տոկոսը: Չեն փոփոխվի նաեւ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի եւ անվտանգության ծախսերի իրականացման ժամկետները: 4-րդ եռամսյակ են տեղափոխվելու ոչ առաջնահերթՙ պետական կառավարման, պետական գույքի ձեռքբերման եւ գործուղումների ծախսերը:
«Ազգի» հարցին, թե բյուջեի վերաբաշխումները կարո՞ղ են անդրադառնալ նաեւ համահայկական նախագծերին, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ տնտեսական զարգացման ծրագրերը իրականացվելու են եւ դրանց մի մասը ֆինանսավորվելու է բյուջեից, մյուսըՙ մասամբ բյուջեից եւ մեկ այլ մասըՙ արտաբյուջետային միջոցներով: Ավելին, Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ աշխատելու են խթանել խոշորՙ համահայկական բանկի, ենթակառուցվածքների ստեղծման, ատոմակայանի կառուցման նախագծերը, որոնք կնպաստեն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճին:
Մեր մյուս հարցին, թե ինչպիսի՞ն են պետական բյուջեի եկամուտների հավաքման ցուցանիշները, ֆինանսների նախարարը հայտնեց, որ հունվար-փետրվարին հարկային մուտքերի հավաքման ցուցանիշներն ավելի պակաս են, քան նախորդ տարվա հունվար-փետրվարին, համապատասխանաբարՙ 5 մլրդ դրամով եւ 10 մլրդ դրամով: Սակայն Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ մարտ ամսին նկատվել են դրական տեղաշարժերՙ կապված տնտեսական ակտիվության ավելացման, սպասումների վերանայման եւ փոխարժեքի ճշգրտման հետ: Նա նաեւ ավելացրեց, որ հունվարին Հայաստանում ՀՆԱ-ն նվազել էր 0,7 տոկոսով: Փետրվարին եւս, նախարարի կարծիքով, էական տարբերություն չի լինելու այդ ցուցանիշից: Ճգնաժամին դիմակայելու համար, ըստ նախարարի, Հայաստանն ունի հետեւյալ ռեսուրսներըՙ բյուջեի ցածր դեֆիցիտ (1 տոկոս) եւ արտաքին պարտքի ցածր մակարդակ (14-15 տոկոս): Այսինքն, հնարավորություն կա ավելացնելու բյուջեի դեֆիցիտը եւ լրացնելու դրսի աղբյուրների հաշվին:
«Օդի» տուրքը փոխադրվում է ավիատոմսերի արժեքի մեջ
Այս մասին ԱԺ ընդունած օրենքի փոփոխությունից հետո երեկ կառավարությունը հաստատեց պետական տուրքի վճարման հետ կապված անցումային միջոցառումների կարգը: Համաձայն այդ կարգի, ավիատոմսերի արժեքի մեջ մտած «օդի» տուրքը պետությանը կփոխանցեն կանոնավոր չվերթեր իրականացնող ավիաընկերությունները, իսկ ոչ կանոնավոր չվերթերի դեպքումՙ օդանավակայանը շահագործող կազմակերպությունները: Այդ մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: