«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2009-03-11 | #43, 2009-03-12 | #44, 2009-03-13


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՎՍՏԱՀ ԵԼՈՒՅԹՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հիանալի է հանդես գալիս գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Անցկացրած 4 պարտիաներից 3-ում Լիլիթը հաղթել է մրցակիցներին եւ միայն մեկն է ավարտել ոչ-ոքիՙ այն էլ իր մտերիմ ընկերուհի, Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանի հետ: Ով գիտե, եթե վիճակահանությամբ 2-րդ տուրում մեր շախմատիստուհիները միմյանց հետ չմրցեին, գուցե Մկրտչյանն այժմ հարյուր տոկոսանոց արդյունք ունենար:

Ինչեւէ, Լիլիթ Մկրտչյանը 4 տուրից հետո 3,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում: 4-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Իրինա Տուրովային: Իր հաշվին հաղթական միավոր գրանցեց նաեւ Սիրանուշ Անդրեասյանըՙ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը: Սիրանուշը հաղթեց լատվիացի Իլզե Բերզինային:

Ցավոք մեր մյուս 3 շախմատիստուհիների համար 4-րդ տուրն անհաջող էր: Անդրանիկ պարտությունները կրեցին Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը: Աղինյանը, որ 2 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորողների կազմում էր, պարտվեց վրացի շախմատիստուհի Նինո Խուրցիձեին: Գալոյանի մրցակիցը ռուսաստանցի Ալինա Բալայանն էր: Աննա Հայրապետյանն էլ պարտություն կրեց Մարի Բոտսարիից: Աղինյանն ու Անդրեասյանը վաստակել են 2,5-ական միավոր, Գալոյանը նրանցից հետ է մնում կես միավորով, 1,5 միավոր ունի Հայրապետյանը:

Մրցաշարի մասնակիցներից առայժմ միայն երկու շախմատիստուհիՙ լեհ Մոնիկա Սոչկոն եւ Հունգարիան ներկայացնող Հոանգ Տհան Չանգն են առանց միավորի կորստի առայժմ խաղում: Նրանք 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանը 8 շախմատիստուհիների հետ 3,5 միավորով հետապնդում է առաջատարներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4