«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2009-03-12 | #44, 2009-03-13 | #45, 2009-03-14


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ ԵՆ ԳՆԱՅԻՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, ապրանքային շուկայում տիրող իրավիճակն ուսումնասիրելու նպատակով, տարբեր օրերի դիտարկումներ է անցկացրել Ստեփանակերտի խանութներում: Ընդ որում, սպառողական զամբյուղում ընդգրկված առաջին անհրաժեշտության ապրանքների դիտարկում հանձնաժողովն իրականացրել է նաեւ նախքան դոլարի թանկացումը` փետրվարի 12-ին: Մարտի 4-ին, 6-ին եւ 9-ին անցկացված դիտարկումների արդյունքները հանձնաժողովը տեղադրել է ՀԾՏՄԿՊՀ www.scrps.am պաշտոնական կայքէջում: Ուսումնասիրվել են երեք տասնյակից ավելի ապրանքատեսակների գների տատանումները ԼՂՀ մայրաքաղաքի մի շարք առեւտրի կետերում, որոնք համեմատաբար մեծ առեւտրային շրջանառություն ունեն Ստեփանակերտում:

Համաձայն դիտարկումների` տեղական արտադրության սննդամթերքների գներում տատանումներ համարյա չեն արձանագրվել: Նույնն է մնացել մսեղենի գինը, իսկ խոզի միսը փետրվարի 13-ի համեմատ էժանացել է 400 դրամով: Բուսական յուղի, բրնձի, կարագի, շաքարավազի գները բարձրացել են դոլարի կուրսի համարժեքությամբ: Դրան զուգահեռ, միեւնույն ապրանքատեսակի գինը տարբեր խանութներում տատանումներ է ունեցել 100-150 դրամի սահմաններում:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը նաեւ բենզինի, դիզվառելիքի, դեղերի դիտարկումներ է անցկացրել, որոնց արդյունքները դեռ ամփոփման փուլում են: Իսկ կոսմետիկ միջոցների եւ մանկական ապրանքատեսակների հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց գները գրեթե չեն փոխվել, նույնիսկ գրանցվել է կոսմետիկ ապրանքների գնի որոշակի նվազում խանութներից մեկում:

Հանձնաժողովը պատրաստվում է հաջորդ շաբաթակեսին իր հերթական բաց նիստում իրազեկման ներկայացնել դիտարկումների ընդհանրացված արդյունքները:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4