«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2009-03-12 | #44, 2009-03-13 | #45, 2009-03-14


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: «Պայքարեք ձեր իրավունքների համար», երեկ նման կոչով հանդես եկավ Սպառողների իրավունքների ասոցիացիան:

Վերջինս սկսել է մի ակցիա, որը վերաբերում է, այսպես ասած, «արագ սննդին». «Համբուրգերները, հոդ-դոգերն ու գազավորված ըմպելիքները վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ», ասում է ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը :

Ըստ ասոցիացիայի նախագահի, եթե սպառողները սովորեն անորակ սնունդը հետ տալ, խանութները կդադարեն դրանք վաճառքի հանել:

Մելիտա Հակոբյանն արձանագրում է, որ Հայաստանում սպառողների իրավունքներն այնքան էլ լավ պաշտպանված չեն, իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ սպառողները ծանոթ չեն իրենց իրավունքներին: Նրա խոսքով, սպառողի առաջին իրավունքն անվտանգության իրավունքն է. մարդիկ պետք է ստանան անվտանգ սննդամթերք ու ծառայություն: Երկրորդ իրավունքը տեղեկատվություն ստանալու իրավուքն է: «Ցավոք սրտի, տեղեկատվությունն այսօր սպառողների համար բավականին քիչ է: Շատ կարեւոր են նաեւ լսված լինելու, ընտրության, վնասների փոխհատուցման, սպառողական կրթություն ստանալու ու առողջ միջավարի իրավունքները», նշեց Մ. Հակոբյանը:

Սպառողների իրավունքների պաշտպանությունը պետական հոգածության կարիք ունի, կարծում է նա: Իսկ սպառողների իրավունքների պաշտպանության ձեռնարկն այսօր դրված է նախագահի սեղանին ու չի օգտագործվում: Մի քանի տարի առաջ դպրոցներում փորձնական ծրագրով անցկացվեց այս առարկան, բայց, Մ. Հակոբյանի հավաստմամբ, հետո հանվեց կրթական ծրագրից: Սպառողների իրավունքների մասին պետք է տեղեկանալ դպրոցական բարձր դասարաններում ու բուհերում, կարծում է ասոցիացիայի նախագահը:

Այժմ էկոնոմիկայի նախարարությունում գործելու է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մի կառույց: Դա դրական գնահատեց ասոցիացիայի նախագահը, սակայն նշեց, որ արդյունավետությունը հետո կերեւա:

Մասնագետի խոսքով, եվրոպական երկրներում սպառողների իրավունքների պաշտպանությունը շատ ավելի լավ է կազմակերպված ու սպառողներն իրենց պաշտպանելու ավելի լայն հնարավորություններ ունեն. օրինակՙ Հայաստանում ընդունված չէ սպառողին փոխհատուցում ներկայացնել բարոյական վնասի դեպքում, իսկ եվրոպական երկրներում դա հստակ է գործում:

Հայաստանում սպառողների իրավունքների խախտման մեջ ասոցիացիայի նախագահը հիմնականում սպառողներին է մեղադրում: Եթե պետությունը չի հոգում նրանց մասին, ապա իրենք պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, նշում է ասոցիացիայի նախագահն ու նկատում, որ ասոցիացիայի գործառույթների մեջ մտնում է միայն խնդիրները վերհանելն ու բարձրաձայնելը, որ սպառողն իմանաՙ իրեն ինչ է պետք:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4