Հայաստանի բանկային համակարգն, ընդհանուր առմամբ, զերծ մնաց միջազգային ֆինանսական ճգնաժամի հարվածներից: Սակայն որոշակի վերանայումներ իրենց քաղաքականության մեջ հայկական բանկերը ստիպված էին անել: Մասնավորապես, խստացվել են վարկավորման պայմանները, փոքր-ինչ բարձրացվել դրանց տոկոսադրույքները: Սակայն, ինչպես տեղեկացանք մի շարք բանկերից, վարկառուներին ընդառաջ քայլեր նույնպես արվել են, որոնք ԿԲ-ի հավանությանն են արժանացել: Մասնավորապես, եթե նախկինում վարկառուներն իրավունք չունեին առանց տույժի կամ տուգանքի ժամկետից շուտ մարելու վարկը, ապա այժմ նման հնարավորություն ընձեռված է: Միաժամանակ, չնայած փոխարժեքի կտրուկ տատանմանը այս տարվա մարտի 3-ին, բանկերը չեն վերանայելու մինչ այդ վարկառուների հետ կնքած վարկերի տոկոսադրույքներն ու պայմանները մինչեւ ժամկետի ավարտը, անկախ այն բանից, թե ինչ արժույթով են տրվել այդ վարկերը: Բացի այդ, վարկառուները իրավունք ունեն բանկերից խնդրել երկարաձգելու պարտքի մարման ժամկետները:
Ա. Մ.