«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2009-03-12 | #44, 2009-03-13 | #45, 2009-03-14


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ԻՐ ՏԻՏՂՈՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Բուքմեյքերներն էլ հավատում են Արթուրի հաղթանակին

IBF-ի վարկածով միջին քաշային կարգի աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր Գերմանիայի Կիլ քաղաքում ռինգ դուրս կգաՙ հերթական անգամ պաշտպանելու իր տիտղոսը: Նրա մրցակիցն ամերիկացի 30-ամյա բռնցքամարտիկ Լեյխուան Սայմոնն է: 2005-ին Քինգսլի Այկեկին հաղթելուց ու աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալուց հետո Արթուր Աբրահամն արդեն 8 անգամ հաջողությամբ պաշտպանել է ուժեղագույնի կոչումը միջին քաշային կարգում: «Արթուր արքան», ինչպես նրան անվանում են պրոֆեսիոնալ բռնցքամարտում, պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա շահել է անցկացրած բոլոր 28 մենամարտերը, որոնցից 23-ըՙ ժամկետից շուտ: Սա խոսում է հայ բռնցքամարտիկի ուժի, բարձր վարպետության մասին, որոնց շնորհիվ նա զգալի առավելության է հասել մրցակիցների նկատմամբ:

Արթուրի մրցակից 30-ամյա Լեյխուան Սայմոնն էլ առայժմ պարտություն չի կրել: 24 մենամարտերից 22-ում նա հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի: Սակայն չնայած նրա տպավորիչ ցուցանիշներին, Սայմոնն ուժեղագույն բռնցքամարտիկների շարքին չի դասվում եւ այնքան էլ ծանոթ չէ մարզասերներին: Բայց միայն այն փաստը, որ ամերիկացի բռնցքամարտիկն իրավունք է ստացել աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել Աբրահամի հետ, արդեն վկայում է Սայմոնի հնարավորությունների մասին:

Ճիշտ է, ինչպես մասնագետներն, այնպես էլ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Արթուր Աբրահամին: Նրա հաղթանակը գնահատվում է ընդամենը 1,02 գործակցով, մինչդեռ Սայմոնի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 9 գործակցով: Իսկ ոչ-ոքին գնահատվել է 30 գործակցով:

Ըստ բուքմեյքերների, ավելի հավանական է Աբրահամի հաղթանակը միավորներով, ինչը գնահատվել է 3 գործակցով: Իսկ մենամարտի ժամկետից շուտ ավարտվելու հարցն ավելի հավանական է թվում 6-9-րդ ռաունդներում, որի գործակիցը 8 է: Ամենաքիչ հավանականն Աբրահամի հաղթանակն է 1-ին ռաունդում (20 գործակից): Առաջին ռաունդում Սայմոնի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 100 գործակցով: 2-12-րդ ռաունդներից մեկում ամերիկացու հաղթանակի դեպքում խաղադրույքի գումարը կավելանա 70 անգամ: 15 գործակցով է արտահայտվում միավորներով Սայմոնի հաղթանակի հնարավորությունը:

Ինչ խոսք, հայ մարզասերները վստահ են Արթուրի հերթական հաջողության հարցում: Տեղեկացնենք, որ մենամարտի տեսագրությանը նրանք հնարավորություն կունենան հետեւելու կիրակի, ժամը 21.30-ին «Հ2» հեռուստաընկերությամբ: Տիտղոսի հերթական հաջող պաշտպանությունից հետո կրկին օրակարգային կդառնա Աբրահամ-Պավլիկ մենամարտի անցկացման հարցը: Թեեւ երկու կողմերի ներկայացուցիչները կարծես սկսել են բանակցությունները, սակայն առայժմ որոշակի ոչինչ չկա: Հայտնի է միայն, որ Կելի Պավլիկն ամռանն ԱՄՆ-ում մենամարտելու է WBC-ի վարկածով առաջին միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորայի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4