«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԻՈՒ ՔԱՅԼԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեւանի քաղաքապետի միջնորդավորված ընտրություններում մեկ օր առաջ երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ն արեց իր ձիու քայլը, եւ որքան էլ զարմանալի` ցուցակի առաջին համարը լիցքավորեց հենց Տեր-Պետրոսյանով: Այսպիսով` աննախադեպ մի բան է կատարվել, երբ երկրի նախագահ եւ նախագահի թեկնածու եղած մարդը գլխավորելու է քաղաքի ավագանու ընտրություններում իր կուսակցական ցուցակը: Ենթատեքստը հասկանալի է. նախ մի փորձ էլ անել` վերակենդանացնելու անշարժացող ընդդիմությանը, միաժամանակ հուսադրելու «հեղափոխական» կողմնակիցներին, ում չէր բավարարում Տեր-Պետրոսյանի կողքի քաշվելը տարբեր բացատրություններով, թե տեսեք, մենք քաղաքական պայքարից չենք հրաժարվում: Իհարկե, դժվար է Տեր-Պետրոսյանին քաղաքապետ պատկերացնել, նա, երեւի հերթական փորձարկումն է իրականացնում, որը վերջնականապես ծանր կնստի իր կողմնակիցների եւ իր վրա` առաջիններին մեկընդմիշտ հիասթափեցնելով ա՛յս ընդդիմությունից:

Սա երեկ քննարկման նյութ էր քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներում` ե՛ւ այս քայլը ողջունողները, ե՛ւ այս առաջադրմանը երգիծանքով վերաբերվողները, այնուամենայնիվ, համաձայն էին մի հարցում. այսպիսով Երեւանի քաղաքապետի, այսինքն` մայրաքաղաքի կառավարչի պաշտոնի համար պայքարը պարզապես գերքաղաքականացվում է, որը մի քանի վտանգ ունի իր մեջ. նախ կարող է նորից սրվել իրավիճակը, որ մի փոքր հանդարտվել էր, ինչը տնտեսական ճգնաժամի առկա իրողություններում պարզապես անցանկալի է: Երկրորդ` իշխանական թեւը նոր ռազմավարություն պետք է մշակի, ե՛ւ հաղթելու, ե՛ւ ընտրությունների քաղաքականացման աստիճանը (իմաՙ ներքաղաքական լարվածությունը) մի փոքր մեղմելու համար: Ի վերջո, գիտենք, Երեւանում ապրում է երկրի բնակչության համարյա կեսը, իսկ զանազան անկանխատեսելի վիճակներ, անգամ քաղաքապետ ընտրելու առիթով, մեր երկրին պետք չեն:

«Իշխանությունները շատ մեծ ջանքեր պետք է ներդնեն եւ քիչ թե շատ պարկեշտ թեկնածու գտնեն, որպեսզի իշխանությունը չհանձնեն Տեր-Պետրոսյանին», երեկ կայքերից մեկում արտահայտվել էր անկախ վերլուծաբան Իգոր Մուրադյանը: Ճիշտ որ` այս ասածում մտածելու բան կա. թեեւ տարբեր կանխատեսումներ կան` Տեր-Պետրոսյանի թիմի հավաքելիք տոկոսի վերաբերյալ` 15-ից մինչեւ 30, իսկ գոնե 40+1 տոկոս պետք է, որ ուրիշների տոկոսները հայցես, սակայն քարոզչության ընթացքում կորերի փոփոխություն կարող է լինել` կախված իշխանական կոալիցիայի հատվածական գործելակերպից, տնտեսական ճգնաժամի խորացման աստիճանից, մեր գործերին միջամտել սիրող դրսեկ խառնակիչներից եւ այլուայլ գործոններից: Մանավանդ հենց սկզբում նշենք` որ Հանրապետականի ցուցակի առաջին դեմքը եւ կոնգրեսի ցուցակը գլխավորողը բացարձակապես տարբեր հարթություններում են. գուցե իշխանական թեւում ռազմավարություն փոխելու հարկ լինի, գուցե միասնական ցուցակով հանդես գալը նպատակահարմար դառնա քննարկումների արդյունքում (դեռ մի փոքր ժամանակ կա), կամ գուցե այլ թեկնածուի վրա խաղադրույք դնելու հարկ լինի (ասենք` ԲՀԿ ցուցակը գլխավորողի): ՀՅԴ որոշման մասին արդեն կիմանանք այսօր, սակայն միասնական թեկնածուի առումով Հանրապետականի թեկնածուն կարող է տատանումներ առաջացնել կոալիցիոն մյուս գործընկերների մեջ: «Ժառանգությունը» եւս այսօր կկողմնորոշվի` ինչպե՞ս է մասնակցելու ընտրություններին, գուցե` մենակ, որովհետեւ որքան էլ զարմանալի` Կոնգրեսի որոշումը` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գնալ ավագանու ընտրությունների, իսկ «ժառանգականների» առաջարկը միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ քննարկել, հենց «Ժառանգությանն» ուղղված հարված է, մանավանդ որ, ինչպես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց երեկ լրագրողներին, ինքն այդ որոշման մասին մարտի 15-ի երեկոյան տեղեկացել է ինտերնետային կայքերից. «Ժառանգությունը կողմնակից է եղել միշտ իմաստալից, արդյունավետ լուծումների, ոչ թե հերթական կարճ միացման», ասաց Ր. Հովհաննիսյանը: «Միացումը, միասնական ցուցակը հաղթանակի գրավական կդառնա՞ն» հարցին Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե հիմնված լինի մեխանիկայի վրա` ոչ, եթե լինի ըստ էության միացում, որ պետք է վաղուց տեղի ունենար ընդդիմության ողջ դաշտի տառապատկերով` այո: Բայց միայն պատրանք տանել երկու անուն էլ կողք կողքի դնել եւ հաղթանակ տանել` ոչ. կարծում եմ շատ ավելի շրջահայաց, կոշտ եւ սառը դատողության վրա հիմնված պիտի լինի ցանկացած որոշում` մինչեւ հիմա չի երեւում այդ վերլուծության ունակությունը»: Կլինե՞ն պաշտոնական բանակցություններ Կոնգրեսի հետ, թե չեն լինի` «Ժառանգությունը» կորոշի այսօր:

Պատասխանելով «Ազգի» հարցին, թե Հանրապետականը սրբագրումներ կանի՞ իր ռազմավարության մեջ, քանի որ Տեր-Պետրոսյանի քայլի նպատակը, համենայն դեպս` իրենց ասելով, ընդդիմությանը միավորելու ենթատեքստ ունի, թեեւ արդեն նեղացրել է «Ժառանգությանն» ու բուն ՀՀՇ-ին, որն իր սեփական թեկնածուն ունի (Արարատ Զուրաբյանը): ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Աժիոտաժն ինձ համար անհասկանալի է, որովհետեւ շատ բնական եմ համարում, որ կոնգրեսը պիտի մասնակցի ընտրություններին, ինչ-որ մեկը պիտի գլխավորեր ցուցակը, գտան, որ իրենց լիդերը գլխավորի»: Իսկ աժիոտաժի համար պատճառ չկա, քանի որ, ըստ նրա, քաղաքային իշխանության համար դեռեւս լեւոնյան ծրագիր չկա, իսկ Հանրապետականի ծրագիրը պարզ է բոլորին. «Ինչ ունենք` ժողովրդի աչքին է. Երեւան քաղաքի հեռանկարներն արդեն հայտարարվել են, մեծ աշխատանք է կատարվել, քաղաքը վերջին տարիներին զարգացում է ապրել, շարունակական պրոցեսն ապահովելու ենք»:

Ըստ առավել նոր սերնդի հանրապետական Արմեն Աշոտյանի` քաղաքապետն այնուհանդերձ կառավարիչ պետք է լինի եւ պետք է կարողանա ոչ միայն քաղաքական ճառեր արտաբերել, այլեւ զբաղվել կոնկրետ առօրյա հոգսերով եւ խնդիրներով: Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը կարող է ավելացնել ընտրությունների քաղաքականացման աստիճանը, բայց չի կարող ամբողջությամբ ստվերել վարչատնտեսական աշխատանքի բաղադրիչը. «Ես չեմ տեսնում շանսերի հետ կապված խնդիր, որովհետեւ մեր պրոգնոզները խարսխված են 2007-ի խորհրդի խորհրդարանական, 2008-ի նախագահական եւ համայնքային ընտրությունների հիման վրա: Մեր թեկնածուները` Գագիկ Բեգլարյանը, Տարոն Մարգարյանը մենեջերներ են, փորձով եւ իրենց աշխատանքով ծանոթ քաղաքի խնդիրներին: Քաղաքապետի ընտրությունները նախագահի ընտրություններ չեն, քաղաքապետին են բախվելու երեւանցու առօրեական խնդիրները», նկատեց նա` կանխատեսելով, որ նախընտրական արշավի ընթացքում գուցե եւ ավելորդ սրացում լինի, կապված ՀԱԿ-ի քարոզչական մարտավարության հետ, սակայն ընտրությունների արդյունքների` Աշոտյանի վերը բերած փաստարկները թույլ են տալիս նրան լավատեսությամբ նայել իրենց թեկնածուի եւ իրենց թիմի հաղթելու հնարավորությանը:

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն էլ կարծում է, թե Տեր-Պետրոսյանն ու իր թիմը չեն կարող Երեւանում 40+1 տոկոս ձայն հավաքել, մաքսիմում` 15-16 տոկոս. «Նրա բուն նպատակը ե՛ւ նախագահական ընտրություններին, ե՛ւ հիմա ոչ թե ավգյան ախոռները մաքրելն է, այլ որոշակի հին թիմով վերադառնալ քաղաքական դաշտ, դա ստացվեց, քանի որ երիտասարդներ կան` տեղյակ էլ չեն այն ժամանակի մասին, որը մենք կոչում էինք խավարի-ցրտի տարիներ, երբ ընտրություն էին կեղծում, եւ հավատացին նրան: Այդքանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4