Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության ընտրական ցուցակը կգլխավորի ԱԺ կուսակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ «Նոյյան տապանի» ոչ պաշտոնական տեղեկությունների, այս որոշումը կայացվել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի երեկվա նիստում. ցուցակը վերջնականապես կհստակեցվի եւ կհրապարակվի առաջիկա օրերին: «Օրինաց երկիր» կուսակցությունը, ըստ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, իր ընտրական ցուցակը վերջնականապես կհաստատի եւ կհրապարակի մարտի 21-ին: ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները իրենց ցուցակները եւս վերջնականապես կհստակեցնեն առաջիկա օրերին: Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրումը կմեկնարկի մարտի 17-ին: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 22-ի ժամը 18:00-ն է: