«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


OՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ ԵՐԳԻԾԱԿԱՆ ԳՐՉՈՎ

Հայըՙ հային

Ամեն հայի մեջ երկու հայ է բնակվում: Դրանք երկուսն էլ իրար հետ մշտական վեճ ու կռվի մեջ են: Մեկը` բողոքական, մյուսը` ավետարանչական: Նրանցից մեկն ամեն ինչ տանող ու ներող է, մյուսն` աշխարհի հետ կռիվ տվող: Մեկն իրեն դժբախտ ու լքյալ համարող է, մյուսն` աշխարհի տեր իրեն կարծող: Այս երկատված հայը ամեն օր իր հոգնած ու ընդարմացած մարմինը քարշ է տալիս դեպի տուն, եւ նայած որ հայն է այդ օրը հաղթող ճանաչվել, տան մեջ իշխողը հենց նա է դառնում: Նա իր տան մեջ կա՛մ բռնակալ է, կա՛մ ստրուկ, կա՛մ ձեռնբաց ու սրտաբաց հայր է, կա՛մ ժլատ ու անսիրտ ամուսին: Իր տան մեջ հայը մի հայ է, երկրորդն իր հետ նա տուն չի բերում: Իր տան մեջ հայը կա՛մ եվրոպացի է, կա՛մ ասիացի, դրսում է միայն եվրասիացի: Եթե հայը իր տանը զանգակ է, դրսում անխտիր բամբակ կլինի կամ հակառակը...

Կարելի է նման վերացական դատողությունները շարունակել անվերջ, դրանցից շատերով հաջողությամբ կարող ես բնութագրել նաեւ այլ ազգերի:

Որպեսզի հային լավ ճանաչենք, եկեք օգտվենք ժամանակակից գիտական մեթոդաբանությունից` անցկացնելով հոգեբանական մի թրենինգ:

Դիցուք` Հայաստանում երկրի ղեկավարությունը անցկացնում է մի գիտափորձ: Նպատակը երկրի ֆինանսական եւ բյուջետային կայունությունը ապահովելն է: Այդ նպատակը իրագործելու համար, հաշվի առնելով ընտանեկան եւ ոչ ընտանեկան լոտոների դրական փորձը, կառավարությունը որոշում է ՀԴՄ կտրոններով անցկացնել խաղարկություն: Դե հիմա պատկերացրեք վերեւում հիշատակված հայ մարդուն կանգնած խանութի կամ կրպակի վաճառողի առաջ, մտեք նրա հոգու աշխարհ, պատկերացրեք նրա հոգեկան տվայտանքներն ու հուզաշխարհը: Հայը կանգնած է իր նման հայի առջեւ եւ սպասում է, որ վաճառողը իրեն կտրոն պիտի տրամադրի: Վաճառողը այդ պահին ապրանքների գնապիտակներն է ուղղում` ցույց տալով, թե իբր մոռացել է գնորդին կտրոն տալ: Գնորդն իր հերթին գնած ապրանքն է պայուսակի մեջ դասդասում եւ չի հեռանում վաճառասեղանի մոտից: Ու տեղի է ունենում լուռ խոսքուզրույց`

Վաճառող.- էս ի՞նչ է ցցվել մնացել, չի հասկանում, եթե ամեն մարդու կտրոն տանք, վաղը հարկայինը մեր բկից կբռնի, բաց չի թողնի:

Գնորդ.- Սա ի՞նչ է իրեն դոդի բաղչեն գցում, ինչի՞ կտրոնս չի տալիս, գուցե հենց այս կտրոնն է ինձ հինգ միլիոն բերելու:

Վաճառող.- Մի քիչ էլ կախ գցեմ, գուցե թողնի գնա:

Գնորդ.- Չեմ գնա, էլի կսպասեմ:

Վաճառող.- Երեւում է, սրա կաշին իմից հաստ է:

Գնորդ.- (Բարձրաձայն) Դուք երեւի մոռացաք իմ կտրոնը տալ:

Վաճառող.- Չե՞մ տվել, վա՜յ, ներողություն:

Հենց այս պահից սկսվում է հայի հոգեկան աշխարհի խռովքը: «Ինչո՞ւ չեն ուզում օրենքով սահմանված կարգով կտրոնս տալ,- մտածում է գնորդը, այսպես կտրոն չտալով խաբում են պետությանը, խուսափում են հարկերից, հետո էլ ասում ենք, ինչու մի խումբ մարդիկ շատ շուտ հարստանում են, իրենց լկտի ու անպատկառ են պահում, արհամարհում են մեզ պես հասարակ մարդկանց, ոչ օրենքից վախ ունեն, ոչ դատուդատաստանից...»: Մինչեւ տուն հասնելը ճանապարհին այս հայի մեջ երկրորդ հայն է գլուխ բարձրացնում. «Ի՞նչ եմ կպել էդ խեղճ վաճառողից, նա էլ ինձ պես մի հայ է` օրվա հացի վաստակով: Եթե նա ամեն մեկին կտրոն տա, վաղը հարկայինը բկից կբռնի: Իզուր եմ մարդու հացին վայիս կանգնում: Էս երկրում ձուկը գլխից է նեխում, տես` ովքեր են երկրի գլխին, մեր գյուղի անտառապետը, ԳՌԱԶ-ի վարորդն ու էլցանցի պետը, հիմա նրանք են օրենքի ու երկրի տերը...»:

Առաջին հայը նորից է ոտի ելնում. «Իբր էդ ՀԴՄ կտրոնների շահումներն ի՞նչ են: Դա էլ հերթական խաբեություն է: Ո՞ւր են էդ շահողները, 5 միլիոն շահողին այդպես էլ չտեսանք, չենք էլ տեսնի: Շատ լավ էլ հասկանում ենք ինչը ինչից հետո է: Խաղարկվող թվերը ոչ թե վաճառված կտրոնների մեջ են, այլ ՀԴ մեքենաների, որ կարող են երբեք էլ դուրս չգալ կամ հաջորդ ամսվա խաղարկմանը դուրս գալ, երբ արդեն ուժը կորցրած կլինի: Սա նույնն է, ինչ անում են լոտոյի խաղատերերը` վիճակախաղի մեջ դնելով չվաճառված տոմսերը: Հիմա, եթե ասենք` մենք ամեն ինչ գլխի ենք ընկել, անմիջապես կասեն` ինչ կա դրանում, աշխարհի շատ երկրներում էլ այդպես է լինում: Դե արի աշխարհե աշխարհ ման արի, ստուգի, տես` ճիշտ են ասում, թե՞ սուտ»:

Ժամանակին Անդրկովկասում Հայաստանը համարվում էր համեմատաբար ճիշտ ու մաքուր առեւտրի հանրապետություն: Վրացիները եւ ադրբեջանցիները գալիս էին Հայաստան եւ զարմանում, որ այստեղ մեկ եւ երկու կոպեկանոցները վաճառողները հաճախ չէին զլանում վերադարձնել գնորդներին: Նրանք այդ ամենը կապում էին մեր Զարոբյանի հետ` փնովելով իրենց Մժավանաձեին եւ Բագիրովին: Հիմա հայերը Վրաստան գնալ-գալիս սկսել են լեգենդներ պատմել այդ երկրում ոստիկանության պահպանած կարգուկանոնի, ամենափոքր կրպակի կողմից պարտադիր տրվող կտրոնի մասին: Երբ եւ ինչու այսպես անարխիստ դարձանք, նույնիսկ վրացուն ենք սկսել նախանձել:

Հիմա հայերն իրար երես նայելիս շատ անգամ իրենց խաբողին, գցողին, մատնողին են տեսնում: Ոստիկանին չեն վստահում, մտածելով, որ գործ է սարքում իրենց վրա, դատավորին չեն հավատում, մտածելով, որ առանց կաշառքի ճիշտ որոշում չի կայացնում, բժշկին հազվադեպ են դիմում, մտածելով, որ իրենցից ավելորդ փողեր է կորզելու: Կաթից լեզուն վառելիս մածունն էլ փչելով են խմում...

Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է վերականգնել մարդկանց հավատը: Բոլորն սպասում են կախարդանքով օժտված այդ մարդուն, հապաղում է, չի հայտնվում: Ընտրությունից հետո սովորաբար նրա մոտալուտ հայտնությանը շատերն են հավատում, սակայն ուշացումը մարդկանց ավելի է հուսահատության մատնում: Առաջվա նման հիմա էլ զոռբաներն իրենցն են առաջ տանում, հիմա էլ երկրի ու մարդկանց համար կարեւոր որոշումները ընդունվում են ծածուկ եւ հանկարծահաս: Հիմա էլ առաջ են գոռում, հետ-հետ են գնում:

«Աղքատ երկրում հարուստները երջանիկ չեն կարող ապրել»: Լավ է ասել երկրի նախագահը: Բայց այս երկրում հարուստները լավ էլ երջանիկ են զգում: Կարողանում են նրանք գերշահույթներ կորզել բոլոր իրավիճակներում եւ որքան հնարավոր է, իրենց տիրույթում գործող օրենսդիրի միջոցով օրենքներ են փոխում կամ նորը ստեղծում հանուն մեծահարուստների:

Հարուստներից մեկն, օրինակ, ասում է, որ ինքը ոչնչից վախ չունի: Էդ ո՞նց է, որ վախ չունի: Եթե անգամ մարդ չէ, ռոբոտ է, միեւնույն էՙ տագնապի ազդանշան պիտի ունենար: Նրա փոխարեն մենք ենք սկսում վախենալ: Սարսափելի է, հիմա այսպիսի մարդիկ կարող են դառնալ պատգամավոր, նախարար, ով գիտի` գուցե եւ նախագահ:

Մեծն Դ. Դեմիրճյանի Քաջ Նազարն ասում էր. «Քաջությունն այն է, որ գիտես ինչ բան է վախը»: Հիմիկվա քաջնազարների եւ ղոռոբուղաների մեջ ուժեղի կողքին կանգնած մարդու հոխորտանք կա, որ եթե մի քայլ հեռու կանգնի ուժեղից, տեղնուտեղը լեղաճաք կլինի: Հիմիկվա մեծահարուստները ժանտախտի ժամանակ կարող են խրախճանք սարքել, եւ ոչ մեկը նրանց չի հիշեցնի, թե իր ցեղակիցները օրհասական վիճակում են: Հիմա էլ գիշերային հրավառությունները մի ռեստորանում չավարտված մյուսում են սկսում, կարելի է մտածել, որ մայրաքաղաքը պաշարման մեջ է: Տեսնենք նոր քաղաքապետը գիշերային խաղաղություն կբերի՞ բնակիչներին, թե՞ նրա պատվին էլ նոր հրավառություններ կարձակվեն:

Էս նեղ մաջալին որտեղից որտեղ վրա հասավ համաշխարհային ճգնաժամը: Հիմա ամեն մեկն իր դարդ ու ցավի հետ է: Հայաստանում դոլարն արդեն բաց են թողել, այն փողոց շպրտված դեռատի աղջկա նման անկանխատեսելի վարք ունի: Ասում են` Կենտրոնական բանկը աչքի պոչով հետեւում է նրա շարժուձեւին:

Արեւն արդեն օրերը տաքացնում է, մեկը մտածում է` էս տարի էլ փոստս գարուն գցեցի, մյուսը` դղյակներ կառուցելու ծրագիր է մշակում: Մեկը վաղվա օրվա ալյուր-շաքար է կուտակում, մյուսը լվից ճրագուն հանելու բիզնես պլաններ է իրականացնում:

Ամեն հայի մեջ երկու հայ է բնակվում: Դրանք երկուսն էլ իրար հետ մշտական վեճ ու կռվի մեջ են:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4