«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅՆԱՑՈՒՄԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ՄՏՆՈՒՄ

Նոր տեխնոլոգիաներին տիրապետելու զարմանալի ճկունություն ցուցաբերող դպրոցականների առօրյան այլեւս անհնար է պատկերացնել առանց համակարգիչների: Ինչպես ցույց են տալիս աշակերտների հետ շփումները, նրանցից յուրաքանչյուրի ամենամեծ փափագը սեփական համակարգիչ ունենալն է, սակայն հայաստանյան ցածր կենսամակարդակի պայմաններում քչերի երազանքն է իրականություն դառնում: Գաղտնիք չէ, որ միջին դպրոցի աշակերտների գերակշիռ մասը համակարգչի առջեւ առաջին անգամ նստում է դպրոցում: Հուսադրող է, որ հանրապետության դպրոցների 70 տոկոսն արդեն համալրված է համակարգիչներով, կարճ ժամանակահատվածում նոր տեխնոլոգիաների նկատմամբ էապես փոխվել է դպրոցների տնօրենների մոտեցումը, նույնիսկ նրանց, ովքեր սկզբնապես չէին գիտակցում համակարգչայնցաման հրատապությունն ու հարցը հետին պլան էին մղում ամենատարբեր պատճառաբանություններով:

Կրթության ազգային կենտրոնի տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների բաղադրիչի ղեկավար Նունե Ոսկանյանի խոսքով. «Այդպիսի ցուցանիշ արձանագրվել է «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված համակարգիչների շրջանառու համակարգի միջոցով: 2004-2009 թթ. իրականացված հանրակրթական դպրոցների համակարգչայնացումը լայն հնարավորություն է բացում ուսուցման եւ գիտելիքների փոխանցման նոր մեթոդների համար: Ամենախուլ գյուղական դպրոցում անգամ այսօր գիտակցվում է նոր տեխնոլոգիաները կրթության մեջ ներմուծելու անհրաժեշտությունը: Իհարկե, աշակերտներն ավելի շահագրգռված են, քան տնօրենները եւ ուսուցիչները, բայց վերջիններս արդեն պարզորոշ տեսնում են, որ առանց համակարգչային գիտելիքների նոր սերունդը չի կարող լինել զարգացած աշխարհի մի մասնիկը: Նոր տեխնոլոգիաներին տիրապետելու կարեւորությունը գիտակցելու առումով զգալի առաջընթաց է նկատվում. դպրոցներում համակարգիչներն արդեն օգտագործվում են որպես դասընթացի բաղկացուցիչ մաս ոչ միայն ինֆորմատիկա առարկայի դասավանդան ժամանակ, այլեւ հումանիտար առարկաներ ուսուցանելիս: Եթե տարրական դպրոցում տեղեկատվական տեխնոլոգիաները նախատեսված են սոսկ ուսումնական նյութը գրավիչ դարձնելու համար, ապա միջին դպրոցի ցածր դասարաններում կարեւորվում են համակարգչային հմտություններ ձեռք բերելը, ստեղծագործական կարողությունների զարգացումը, իսկ բարձր դասարաններում` ինֆորմատիկա առարկայի յուրացումը: Ավագ դպրոցում նախատեսվում է այդ առարկայի խորացված` հոսքային ուսուցում:

Հումանիտար առարկաների դասավանդման համար մշակվել ու կիրառության մեջ են մտել էլեկտրոնային ուսումնական ծրագրեր 7-9 դասարանների հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաների համար: Նախատեսվում է այդ առարկաների մեջ ընդգրկել նաեւ օտար լեզուները, մասնավորապես ռուսերենը, ներկայումս մրցույթ է հայտարարվել անգլերենի համար: Մտադիր ենք այդ ցանկում ներառել նաեւ բնագիտական առարկաները: Մեր նպատակն է հանրակրթական բոլոր դպրոցներում ստեղծել ռեսուրս կենտրոններ, որպեսզի աշակերտները կարողանան գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն համակարգչային ծրագրերի, այլեւ ինտերնետի միջոցով: Համակարգչայնացմանը զուգահեռ դպրոցներն ապահովվում են ինտերնետ կապով, ստեղծվում է համադպրոցական ցանց, որը աշակերտներին եւ ուսուցիչներին հնարավորություն է տալիս կապեր հաստատելու, քննարկումներ անցկացնելու, միմյանց օգնելու: Ինչպես գիտեք, արդեն գործում է www. edu.am ինտերնետային կայքէջը, որն այժմ սպասարկում է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

Հիմա կարող ենք վստահաբար ասել, որ ստեղծվել է գործող ամբողջական համակարգ, որում ներգրավված են ռեսուրս կենտրոններ ունեցող հազարից ավելի դպրոցներ: Անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, ցանկալի է, որ որոշ խնդիրներ լուծվեն պետբյուջեի միջոցով: Համակարգիչների քանակը դպրոցներում պետք է մեծացնել հաշվի առնելով աշակերտների թիվը, պետք է ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները նրանց ուսումնառությունը արդյունավետ եւ հետաքրքրական կազմակերպելու համար:

Ուրախալի է, որ դպրոցների տնօրենների զգալի մասը հանդես է գալիս սեփական նախաձեռնությամբ, սարքավորումներ գնելու պատրաստակամություն հայտնում, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով նրանց ծրագրերը կիսատ են մնում: Սառույցն արդեն հալվել է, եւ պետական օժանդակություն ստանալու դեպքում համակարգչայնացման ծրագիրն անպայման կշարունակվի: Եթե մեր կառավարությունը հայտարարում է, որ տարբեր բնագավառներում նոր տեխնոլոգիաների ներդրումը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի երկրի համար, ուրեմն կրթության ոլորտը պետք է առաջին պլանում լինի, քանի որ ամեն ինչ սկսվում է դպրոցից»:

Համակարգչայնացման ծրագիրն, իրոք, մերձբալթյան երկրների օրինակով ընդլայնվելու լայն ասպարեզ ունի, որպեսզի մոտակա տարիներին համակարգիչը մեզանում եւս դառնա դպրոցի կառավարման, աշակերտների տվյալների բազայի ստեղծման եւ կազմակերպչական այլ հարցերի կարգավորման միջոց:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4