Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկել է շախմատի «Ամբեր» մրցաշարը, որի 12 մասնակիցների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը: Յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց հետ երկու պարտիա են անցկացնում արագ եւ «կույր» շախմատի կանոններով:
Լեւոն Արոնյանը գերազանց մեկնարկեց` երկու պարտիաներում էլ հաղթելով Վասիլի Իվանչուկին, որին Լինարեսում երկու անգամ զիջել էր: 2-րդ տուրում Արոնյանը հանդիպեց հունգարացի Պետեր Լեկոյի հետ: «Կույր» շախմատում սեւերով խաղացող Արոնյանը պարտվեց, իսկ արագ շախմատում սպիտակներով հաղթեց:
2 տուրից հետո Արոնյանը 3 միավորով Ալեքսանդր Մորոզեւիչի հետ գլխավորում է աղյուսակը: Նրանց կեսական միավոր են զիջում Կրամնիկն ու Անանդը: Լեկոն, Կառլսենը Թոփալովը եւ Կարյակինը վաստակել են 2-ական միավոր: «Կույր» շախմատի հաշվարկով առայժմ լավագույն արդյունքն ունի Վլադիմիր Կրամնիկը, որը հաղթել է Մորոզեւիչին ու Ռաջաբովին: 1,5-ական միավոր են վաստակել Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Թոփալովը:
Արագ շախմատի մրցաշարի առաջատարներն են Լեւոն Արոնյանն ու Ալեքսանդր Մորոզեւիչը, որոնք ունեն 2 միավոր: 1,5 միավոր է վաստակել Սերգեյ Կարյակինը: Առաջին երկու տուրերում մրցաշարում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Կրամնիկ-Մորոզեւիչ` 1-1, Ռաջաբով-Թոփալով` 1-1, Կարյակին-Վան Յուե` 1-1, Կառլսեն-Կամսկի` 1-1, Անանդ-Լեկո` 1-1, Իվանչուկ-Կառլսեն` 1-1, Կամսկի-Անանդ` 0,5-1,5, Մորոզեւիչ-Վան Յուե` 2-0, Թոփալով-Կարյակին` 1-1, Կրամնիկ-Ռաջաբով` 1,5-0,5: 3-րդ տուրում Արոնյանը կմրցի Գատա Կամսկու հետ, որն ունի 1,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ