«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ԵՐԵՔԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Հայ շախմատիստներից մրցանակակիր դառնալու հնարավորություններ են պահպանում 6-ական միավոր ունեցող Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրեասյանը: Ճիշտ է, դրա համար նրանք ավարտական 2 տուրերում պետք է շատ հաջող խաղան, քանի որ երեք առաջատարները` Էռնեստո Ինարկիեւը, Իվան Սոկոլովն ու Բայադուր Ջոբավան վաստակել են 7-ական միավոր, իսկ նրանց հետապնդող 17 շախմատիստներ ունեն 6,5-ական միավոր:

8-9-րդ տուրերում հայ շախմատիստները բավական հաջող խաղացին: Լավագույն արդյունքի հասավ Տիգրան Քոթանջյանը` պարտության մատնելով Սպիրիդոն Կապնիսիսին եւ Լորին Կոստային: Քոթանջյանը վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր ունի Տիգրան Պետրոսյանը, որը ոչ-ոքի խաղաց Տորնիկե Սանկիձեի հետ եւ հաղթեց Միչել Գոդենային:

Մեր առաջատար եռյակը նույնպես 2 տուրում 1,5 միավոր վաստակեց: Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Ազարովի հետ եւ հաղթեց Սերգեյ Գրիգորյանցին: Փաշիկյանն էլ հաշտություն կնքելով Ֆրիսո Նիյբոյերի հետ, հաջորդ տուրում պարտության մատնեց Անտոն Շոմոեւին: Իր անպարտելի խաղերի շարքն է շարունակում Զավեն Անդրեասյանը: 8-րդ տուրում նա հաղթեց Պրեդրագ Նիկոլիչին, ապա հաշտություն կնքեց Կիրիլ Գեորգիեւի հետ: Արտաշես Մինասյանը պարտվեց Դեմբոյին, բայց հաջորդ տուրում առավելության հասավ Ռոբերտ Կրեյսլիի նկատմամբ: Արտաշեսն ունի 5 միավոր: Հայ շախմատիստներից վատագույն արդյունքը (3,5 միավոր) ունի Արթուր Չիբուխչյանը: Նա պարտվեց Սանդեր Վանին, ապա ոչ-ոքի խաղաց Օսկար Վիզորեկի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4