«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2009-03-14 | #46, 2009-03-17 | #47, 2009-03-18


ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՎԱՔԱՆԱԿ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է, ԱՅԼԵՎ ՈՐԱԿՅԱԼ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆԱԼԸ

Ներկայացվեց ԼՂՀ ժողովրդագրական հայեցակարգի նախագիծը

ԼՂՀ-ում ժողովրդագրական հայեցակարգի մշակման հարցերով զբաղվող բարձրագույն խորհուրդը, որը գլխավորում է վարչապետ Արա Հարությունյանը , օրերս կայացած նիստում ներկայացրել է հայեցակարգի նախագիծը:

Այս ուղղությամբ պետական ընդգծված քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը շեշտվել էր դեռեւս նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում, որն էլ դարձել է կառավարության գործունեության կարեւորագույն խնդիրներից մեկը:

Նիստում վարչապետը մտահոգություն է հայտնել հանրապետության Ժողովրդագրական ներկա վիճակի առնչությամբ: Թեպետ Արցախում կան բավարար պայմաններ ժողովրդագրական աճի ապահովման համար, սակայն բնակչության խտությունը փոքր է: Առկա է թե՛ խորհրդային տարիների, եւ թե՛ ղարաբաղյան պատերազմի ազդեցությունն այդ գործընթացի վրա, ուստի ժողովրդագրական հայեցակարգի ընդունումը հրատապ է դարձել:

ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանը , որը հիշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալն է, նիստի մասնակիցներին է ներկայացրել համեմատական տվյալներ, որոնք ընդգրկում են 1995-2009 թվականները:

Այսպես, եթե 1995 թվականին ԼՂՀ-ում ապրում էր 122 հազար 600 մարդ, ապա այսօր այդ թիվը հասել է 140 հազար 300-ի: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում բնակչության թիվն ավելացել է 745-ով: Դրան նպաստել են ծնելիության խթանման ու երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագրերը: Ամուսնությունների միջին թվի շուրջ 5 անգամ գերազանցումը թույլ է տալիս ակնկալել ծնունդների աննախադեպ աճ: Արդեն իսկ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների տվյալների համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի տվյալների հետ, վկայում է ակնկալումների իրատեսականությունը: Ընդգծվեց նաեւ, որ խնդիրը ոչ միայն անհրաժեշտ թվաքանակ ապահովելն է, այլեւ որակյալ սերունդ ունենալը:

Այս վերջին պարագան հիմք ընդունելով, հանձնաժողովի անդամ, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը նշեց, որ եթե սպասվում են նոր, ավելի մեծ թվով ծնունդներ, ապա հարկ կլինի նոր մանկապարտեզներ բացել, ինչը նաեւ ենթադրում է սրբագրել առաջիկա տարիների ծրագրերը:

Վարչապետ Արա Հարությունյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել է միգրացիոն խնդիրների վրա: Ընդ որում, ընդգծել է նա, խոսքը նաեւ դրական միգրացիայի մասին է: Տարվող նոր քաղաքականության շնորհիվ ոչ միայն պիտի նոր բնակավայրեր ստեղծվեն կամ նոր տարածքներ յուրացվեն, այլեւ վերաբնակեցվեն հին գյուղերը: Այդ նպատակով հանրապետությունում սկսվել է ազատ բնակֆոնդի գույքագրման գործընթացը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4