«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2009-03-14 | #46, 2009-03-17 | #47, 2009-03-18


ՈՍԿՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ ՄԱՍԻՍՈՒՄ

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանիՙ ոսկերչության ոլորտում ստեղծվել են նոր հնարավորություններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Արարատի մարզի Մասիս քաղաքի նորակառույց ոսկու արտադրության գործարան, որը կառուցվել է անցյալ տարվա նոյեմբերից հունվար ամիսներին: Ձեռնարկության 85 տոկոսի սեփականատերը «ԱՍՍԱԹ» ընկերությունն է: Այստեղ ստեղծվել է 20 աշխատատեղ, որոնց թիվն առաջիկա 2 ամսում կավելանա եւս 15-20-ովՙ 150 հազար դրամ նվազագույն աշխատավարձով:

Ինչպես նշեց ընկերության տնօրեն Արամ Օսիկյանը , ներկայումս գործարանում օրական վերամշակվում է մինչեւ 15 տոննա հումք, ստանալով բարձրՙ 99,8 հարգի ոսկի, սակայն կարճ ժամկետում արտադրողականությունը եռապատկելու հնարավորություն կա: Ըստ ձեռնարկության ղեկավարի, 2-3 ամսից Հայաստանում օրական մինչեւ 20 տոննա ոսկու խտանյութ կարող է արտադրելՙ մեկ տոննայում 80-100 գրամ ոսկու միջին պարունակությամբ: Եթե այդքան ոսկու խտանյութ արտադրվի, ապա Մասիսի գործարանն ամսական կարող է արտադրել 30-35 կգ մաքուր ոսկի: Այժմ բանակցություններ են ընթանում նաեւ ոսկու խտանյութ արտասահմանից ներկրելու եւ մշակելու ուղղությամբ:

Անդրադառնալով միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամին, գործարանի տնօրենն ասաց, որ ճգնաժամի պայմաններում գործունեություն ծավալելու ռիսկն արդարացավ եւ տվեց իր արդյունքներըՙ գործարանը գործում է, իսկ ոսկու գները շարունակում են մնալ բարձր: Նրա կարծիքով, ճգնաժամը բացասաբար չի անդրադառնա ձեռնարկության գործունեության վրա: Այդուհանդերձ, Արամ Օսիկյանը ոլորտին հուզող խնդրով դիմեց վարչապետին: Խնդիրն այն է, որ ընկերությունը «հումքը գնում է ավելացված արժեքի հարկ պարունակող գնով, իսկ պատրաստի արտադրանքը վաճառում առանց ավելացված արժեքի հարկի, եւ գործարանին շրջանառու միջոցներ չեն մնում»:

«ԱՍՍԱԹ»-ի տնօրենի բարձրացրած խնդրին անդրադառնալով, Տիգրան Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ներկայումս կառավարությունում քննարկվողՙ Հայաստանի Հանրապետությունում ոսկեգործության զարգացման հայեցակարգում բարձրացված կարեւորագույն խնդիրներից մեկն ավելացված արժեքի հարկի խնդիրն է: Այստեղ պետք է հստակություն մտցվի եւ միատեսակ մոտեցում ցուցաբերվի բոլոր տեսակի հումքերի նկատմամբ: Հայեցակարգում կարեւորվում է հայաստանյան ոսկերչական ձեռնարկությունների աշխատանքը, քանի որ դրանք մասնագիտանում են տեղական հումքի վրա: Արդյունքում ծախսերը հասցվում են նվազագույնի, եւ մեր ոսկերչությունը հարաբերական առավելություններ է ստանում: Վարչապետը մատնանշեց, որ նորակառույց այս գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ համապատասխանում է բոլոր չափորոշիչներին: Պատահական չէ, որ Երեւանի ոսկերչական գործարանի հետ արդեն պայմանավորվածություններ կան Մասիսի գործարանի պատրաստի արտադրանքն ամբողջությամբ գնելու:

Տիգրան Սարգսյանը նշեց նաեւ, որ այն ձեռնարկությունները, որոնք մասնագիտանում էին մոլիբդենի, պղնձի արտադրության մեջ, միջազգային ճգնաժամով պայմանավորված այդ մետաղների գների անկման պատճառով լուրջ խնդիրներ ունեցան, բայց միեւնույն ժամանակ ոսկերչության ոլորտում ստեղծվել են նոր հնարավորություններ:

«ԱՍՍԱԹ» ընկերությունը ծրագրում է Վայքում` Արին գյուղի մոտակայքում կառուցել բազմամետաղային հարստացուցիչ գործարան: Ընկերության տնօրեն Արամ Օսիկյանը լրագրողներին հայտնեց, որ շինարարությունը կսկսվի ապրիլին եւ կավարտվի մինչեւ տարեվերջ: Նախատեսվում են կատարել 2-3 մլն դոլարի ներդրումներ: Սկզբնական շրջանում գործարանում կաշխատեն 400-500 մարդ: Կթողարկի 4 տեսակի արտադրանք` ցինկ, արճիճ, պղինձ եւ սուրմա: «Առանձին ստանալու ենք ոսկու խտանյութ, որը որպես հումք է ծառայելու Մասիսի ոսկու գործարանի համար», տեղեկացրեց ընկերության տնօրենը, գործարանի կառուցման համար կոնկրետ Վայք քաղաքի ընտրությունը պայմանավորելով այստեղ առկա 3 խոշոր հանքավայրերով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4