«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2009-03-14 | #46, 2009-03-17 | #47, 2009-03-18


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎ «ՈՒԼԻՍԸ» ՈՒՂԵԳՐԻ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ

Երկու հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի 18-րդ խաղարկությունը: Նոր մրցաշրջանի մեկնարկն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ: Երկու հանդիպումներում էլ գրանցվեցին խոշոր հաշվով հաղթանակներ: Եվ եթե «Փյունիկի» հաղթանակը «Կիլիկիայի» նկատմամբ սպասելի էր, ապա «Ուլիսի» խոշոր հաշվով հաղթանակը «Գանձասարի» նկատմամբ ինչ-որ չափով կարելի է անակնկալ համարել:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Ուլիս»-«Գանձասար» հանդիպումը «Միկայի» մարզադաշտից տեղափոխվել էր Արտաշատ: «Գանձասարը» խաղի նախօրեին էր Թուրքիայից Հայաստան վերադարձել: Մինչ Հայաստան վերադառնալը, «Գանձասարը» Թուրքիայում 2-1 հաշվով հաղթել էր առաջին խմբում հանդես եկող թուրքական ակումբներից մեկին: «Ուլիսն» ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ուռեկիում, որտեղից Երեւան էր վերադարձել մարտի 13-ին:

Նոր մրցաշրջանի շեմին կազմը զգալի համալրած «Ուլիսն» իրեն լավ դրսեւորեց ու 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնելովՙ կիսաեզրափակիչի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց: Արդեն 13-րդ րոպեին «Ուլիսի» նորեկ Արա Հովհաննիսյանը բացեց հաշիվըՙ դառնալով գավաթի ընթացիկ խաղարկության անդրանիկ գոլի հեղինակ: Մինչեւ ընդմիջում Կարեն Ստեփանյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսում Արթուր Քոչարյանն ու Սեմյոն Մուրադյանը եւս երկու անգամ գրավեցին «Գանձասարի» դարպասը: Եվ միայն ավելացված ժամանակի 2-րդ րոպեին կապանցիներին հաջողվեց «թրջել» հաշիվըՙ 4-1: Ընդ որում, գրանցվեց ինքնագոլ, գնդակը սեփական դարպասն անցկացրեց ուլիսցի Կարեն Ստեփանյանը:

«Կիլիկիան» մի ամբողջ խաղակես հուսալիորեն պաշտպանեց սեփական դարպասը: Սակայն ընդմիջումից հետո «Փյունիկի» ֆուտբոլիստների վարպետությունն իր վճռորոշ նշանակությունն ունեցավ: 51-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը բացեց հաշիվը, այնուհետեւ աչքի ընկավ թիմի նորեկ Արտակ Ալեքսանյանը: Հանդիպման վերջակետը դրեց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանըՙ հստակ իրացնելով 11 մ հարվածը: «Փյունիկը» հաղթեց 3-0 հաշվով եւ գործնականում ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիրը:

Այսօր «Բանանցը» սեփական մարզադպրոցում կհյուրընկալի «Արարատին», որի հետ նախորդ երկու մրցաշրջաններում հանդիպել էր գավաթի եզրափակիչում: «Միկան» էլ սեփական հարկի տակ ուժերը կչափի «Շիրակի» հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4