Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց Գատա Կամսկու հետ: Մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ տոնեց: «Կույր» շախմատում Լեւոնը սպիտակներով հաղթեց, իսկ արագ շախմատում պարտություն կրեց:
Այս անգամ ոչ մեկին չհաջողվեց 2 պարտիաներն էլ շահել: Թոփալովը 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Վան Յուեյի նկատմամբ: Նույնպիսի հաշվով Կառլսենը հաղթեց Անանդին: Լեկոյի եւ Իվանչուկի մրցավեճում կողմերը մեկական հաղթանակ տոնեցին: Իսկ Ռաջաբով-Մորոզեւիչ, Կարյակին-Կրամնիկ մրցախաղերի բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի:
3 տուրից հետո Արոնյանն ու Մորոզեւիչը պահպանեցին առաջատարի իրենց դիրքը` վաստակելով 4 միավոր: Կառլսենը, Թոփալովը, Կրամնիկը ունեն 3,5-ական միավոր, որոնցից կես միավորով հետ են մնում Լեկոն, Կարյակինն ու Անանդը:
«Կույր» շախմատի մրցաշարի առաջատարներն են Վլադիմիր Կրամնիկը, Մագնուս Կառլսենն ու Վեսելին Թոփալովը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Արոնյանի եւ Լեկոյի հաշվին գրանցված է 2-ական միավոր: Արագ շախմատի մրցաշարում 2,5 միավորով առաջատարի դերը ստանձնեց Ալեքսանդր Մորոզեւիչը` շրջանցելով Արոնյանին: Վերջինս Սերգեյ Կարյակինի եւ Գատա Կամսկու հետ վաստակել է 2 միավոր: 4-րդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ