Երեկ Աժ-ում պատգամավորների քննարկմանը ներկայացվեց «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Օրինագծով, ըստ նրա, ոստիկանության զորքերի գործառույթներից հանվում են կալանավայրերի պահպանությունն ու կալանավորների տեղափոխումն ապահովելու խնդիրը: Դրանից զատ, սահմանվում է, որ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայությունից աստիճանաբար անցում պետք է կատարվի պայմանագրային զինվորական ծառայության:
«Ոստիկանական զորքերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով այն սափրագլուխները, որոնք պաշտպանում էին օլիգարխներին ու կատարում նրանց հրահանգները, հիմա կստանան փող բյուջեից եւ կգործեն պետական համակարգում», ԱԺ-ում հիշյալ օրինագծի քննարկման ժամանակ նման տեսակետով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ նմանատիպ վարքագիծն անընդունելի է:
«Գաղափարական առումով, ես դեմ եմ ոստիկանության զորքերի կողմից մարտական զենք կիրառելուն Հայաստանի տարածքում: Մարտական զենք կարող է օգտագործվել միայն ռազմաճակատում: Մնացած բոլոր դեպքերում դրա կարիքը չկա», նշեց պատգամավորն ու հավելեց, որ եթե երկրի ներսում զանգվածային հուզումներ են տեղի ունենում, «ուրեմն դա հասարակական պահանջ է եւ քաղաքական լուծում է պահանջում, ոչ թե մարտական զենքի կիրառում»:
«Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում զանգվածային անկարգություններ չեն եղել: Նույնիսկ ՀԱԲ-ին զինաթափելիս, երբ նրանց տրամադրության տակ կար մեծ քանակությամբ զենք, կրակոցներ չեղան եւ ես հավատում եմ, որ սրանից հետո էլ նման բան չի լինելու (բոլորովին սխալ է այս պնդումը. մեկ ամբողջ գիշեր անընդհատ կրակոցներ եղան, զոհվեց առնվազն 2 եւ վիրավորվեցին շատ մարդիկ-խմբ.): Այս պարագայում ոստիկանական զորքերի կիրառումն անհիմն է, քանի որ ոստիկանական ուժերը լիովին բավարար են հանցագործությունները կանխելու ու հասարակական կարգը պաշտպանելու համար», ասում է Մարտիրոսյանն ու հավելում, որ եթե անգամ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, ջրցան մեքենայի կիրառումը կարելի է հասկանալ, սակայն անհասկանալի է մարտական տեխնիկայի` զրահամեքենայի կիրառումը, այնինչ, ըստ պատգամավորի, մարտի 1-ի կեսօրին ոստիկանական զորքերի մարտական մեքենան կանգնած էր Մյասնիկյանի արձանի մոտ: Ա. Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու այս օրինագծին:
Անահիտ Բախշյանի հարցին, թե քանի՞ ոստիկան է պատժվել մարտի 1-ին անհամաչափ գործողություններ կիրառելու համար, փոխոստիկանապետը պատասխանեց. «Այդ դեպքերի հետ կապված հատուկ քննչական ծառայության վարույթում գործ է հարուցվել եւ եթե պարզվի, որ ոստիկանության աշխատողների մեղավորությունը կա` անպայման դա կունենա իր իրավական հետեւանքը եւ կլինեն պատժվողներ»:
«Չի կարելի ընդունել օրենքներ, որոնք Հայաստանը կարող են դարձնել ոստիկանական պետություն: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ վաղը դառնալու են ընդդիմություն եւ այս օրենքը կարող է կիրառվել նաեւ այսօրվա իշխանության նկատմամբ», հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Հաջորդ մտահոգիչ դրույթը, ըստ Վ. Դալլաքյանի, 19-րդ հոդվածում է, որտեղ նշվում է, որ արգելվում է հրազենի գործադրումը «մարդկանց զգալի կուտակումների ժամանակ», քանի որ հրազենի կիրառումից կարող են տուժել այլ անձինք:
«Ի՞նչ է նշանակում «մարդկանց զգալի կուտակում». Մեկի համար դա կարող է լինել հազար մարդը, մյուսի համար` 10 մարդը», ասաց պատգամավորն ու հավելեց, որ պետք է հանել «զգալի» բառը, քանի որ մեկից ավելի մարդու առկայությունը արդեն հիմք է, որպեսզի զենք չկիրառվի:
Հովհաննես Հունանյանը հայտարարեց, որ մարտի 1-ից հետո ոստիկանության համակարգից ազատվել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչի հետ կապված լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է մարտի 1-ին նրանց ոչ համաչափ կամ ոչ ճիշտ գործողություններով:
Փոխոստիկանապետն ասաց. «Ոչ թե նրանց մեղադրել են մարտի 1-ին հատուկ մեղսակցության համար, այլ այդ իրադարձությունները ենթադրում էին, որ գուցե ոստիկանությունն ու ոստիկանության զորքերը ճիշտ չեն կարողացել կազմակերպել գործողությունները տվյալ իրավիճակում եւ հետեւանքները այդքան բարդ են եղել: Պատճառը դա է»:
Նրա խոսքով, երբ քրեական գործի նախաքննությունը ավարտվի, պարզ կլինի` ոստիկանության զորքերի հրամանատարները կամ ոստիկանության աշխատակիցները մեղք ունեցել են, թե ոչ. «Դա վերաբերում է բոլորիս: Իհարկե, նաեւ ոստիկանապետին, որովհետեւ ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանապետը, իսկ անմիջական ղեկավարումը` ոստիկանական զորքերի հրամանատարը»:
Ն. Մ.