Թե ինչու «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրության գնաց միայնակ, արդյոք անակնկա՞լ էր Լեւոն Տեր- Պետրոսյանի առաջադրումը խորհրդարանական ընդդիմության համար ու էլի մի շարք հարցեր երեկ «Հայելի» մամուլի ակումբում պարզաբանեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը : Ըստ նախնական պայմանավորվածության, «Ժառանգությունը» ՀԱԿ-ին առաջարկել է միասին գնալ ընտրություններին: Սկսվել է բանակցությունների գործընթաց, այնուհետեւ 20-22 օր արմատականների դաշտում տիրել է քար լռություն, որից հետո արմատականները համենայն դեպս նախագահական ընտրություններում իրենց գլխավոր դաշնակցին առանց տեղյակ պահելու, հանրությանը ներկայացրել են քաղաքապետի ընտրությունների իրենց թեկնածուին` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանին:
«Ափսոսանքով եմ ասում, որ ՀԱԿ-ի որոշումը տեղի չունեցավ «Ժառանգության» հետ բանակցությունների արդյունքում: Այդ որոշումը պետք էր ընդունել միասին, անկախ այն բանից, թե ցուցակն ինչ ձեւ կստանար: Միասնական քննարկումը բխում էր հաղթանակի տրամաբանությունից: Գոնե պաշտոնական կարծիքը լսեին: Սակայն դրամա սարքելու առիթ չկա, որովհետեւ հաղթանակը միանշանակ ընդդիմությանն է լինելու», նկատեց Խուրշուդյանը: Թե որ ընդդիմությանը նկատի ունի` «Ժառանգության» ներկայացուցիչը հավելեց, որ ընդդիմությունը մեկն է` ի դեմս ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»: Այնուհետեւ Խուրշուդյանը բացատրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իրենց գլխավորած ցուցակների տրամաբանությունը:
Ըստ «ժառանգության» ներկայացուցչի, մի ընտրազանգված կա, որ հաստատ չի ցանկանա մասնակցել քաղաքապետի ընտրությանը: Նրանք իշխանությանը դեմ են, սակայն կողմ չեն նաեւ ԼՏՊ-ին: «Ժառանգության» առանձին մասնակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ստվար ընտրազանգվածի ձայները չփոշիանան: «Արդյոք առանձին մասնակցելով չե՞ք փոշիացնում այդ ձայները» հարցին Խուրշուդյանը համաձայնեց, որ այդպես հնարավոր է հանրության շրջանում ապատիայի առաջացում: Բանախոսը չի կասկածում, որ գուցե շատերը չցանկանան գնալ տեղամաս ու ընդհանրապես տանից դուրս չգան. «Սակայն, մյուս կողմից, ՀԱԿ-ի ցուցակը, որքան էլ մենք հարգենք ու բարձր գահատենք, այդուամենայնիվ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջատարության դեպքում մարդիկ չեն քվեարկի ցուցակի օգտին: Հետեւաբար մենք գնում ենք առանձին, որ չկորցնեք այդ զանգվածի ձայները»:
Հենց այդ ընտրազանգվածին ներգրավելու նպատակով են «Ժառանգությունում» առաջատարի դիրքը հանձնել Արմեն Մարտիրոսյանին, հետին պլան մղելով Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ցանկացել ենք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ առաջնորդները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց ուսերի վրա ի դեմս Արմեն Մարտիրոսյանի տանեն ընդդիմության հաղթանակը: Մարտիրոսյանը երիտասարդ քաղաքական գործիչ է, բնական է, որ չունի այն մեծ քաղաքական կշիռը, որ ունեն ԼՏՊ-ն ու Րաֆֆին: Տրամաբանությունն այն է, որ Գագիկ Բեգլարյանի դեմ պետք է լիներ երիտասարդ մի գործիչ, որի օգտին էլ պետք է գրանցվեր հաղթանակը», ասաց Խուրշուդյանը: Նա հերքում է այն լուրերը, թե «Ժառանգությունը» ՀԱԿ-ին չի միացել, որովհետեւ արմատականների ցուցակում երկրորդը Ստեփան Դեմիրճյանն էր, հետո Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեր ներկայացրած ցուցակում էլ Րաֆֆի Հովհաննիսյանը երրորդ տեղում է, հետեւաբար այդ խոսակցությունները անհիմն են»:
Հայտնի չէ, արդյոք «Ժառանգության» առանձին ցուցակում էլ Արմեն Մարտիրոսյանը կզբաղեցնի՞ առաջին հորիզոնականը: Ցուցակի հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն մարտի 20-ին «Ժառանգության» խորհրդի ժամանակ: Թեպետ «Ժառանգությունն» առանձին է մասնակցելու քաղաքապետի ընտրություններին, սակայն կոնգրեսի հետ կհամագործակցի ընտրական հանձնաժողովների աշխատանքի հարցում: «Այդ հանձնաժողովներում որպես խորհրդարանական կուսակցություն ունենալով տեղ, պատրաստ ենք դրանք տրամադրել նաեւ կոնգրեսի ներկայացուցիչներին, եթե, իհարկե, ՀԱԿ-ը ներկայացնի պատրաստված ու վստահելի անձանց», ասաց Խուրշուդյանը: Խուրշուդյանը նաեւ կոչ արեց ընդդիմադիր մամուլին սթափվել, զերծ մնալ «Ժառանգության» հասցեին որակումներից ու վարկաբեկիչ հրապարակումներից, քանի որ ընդդիմության պառակտումը իշխանության օգտին է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ