«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2009-03-17 | #47, 2009-03-18 | #48, 2009-03-19


«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԽԻԶԱԽ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՈՒՄ»

Նշում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը

Անցյալ տարվա սեպտեմբերին սկսված միջազգային ֆինանսական ճգնաժամը Հայաստան հասավ փոքր-ինչ ավելի ուշ: Ֆինանսական ճգնաժամի առաջին հարվածներից մեր երկիրը խուսափեց, ինչն արդյունք էր երկու հիմնական գործոններիՙ Հայաստանում բանկային համակարգի հուսալիության եւ կապիտալի շուկայի բացակայության: Սակայն տնտեսության այլ հատվածներ ճգնաժամի ազդեցությունը զգացին արդեն անցյալ տարվա նոյեմբերից: Այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության հակաճգնաժամային քաղաքականության հիմնական ուղղությունները, իսկ անցած մի քանի ամիսների ընթացքում կառավարությունը մասնավոր հատվածին եւ հատկապես տեղական արտադրությանն աջակցելու որոշակի քայլեր ձեռնարկեց: «Ինչպե՞ս են ընդունվել այդ քայլերը եւ ի՞նչ այլ ակնկալիքներ ունեն իշխանություններից գործարարները» հարցերի շուրջը զրուցեցինք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի հետ:


- Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ձեռնարկածՙ գործարարությանը եւ առավելապես տեղական արտադրողներին պաշտպանելու միջոցառումները:

- Ընդհանրապես, տեղական արտադրողները պաշտպանության կարիք ունեն: Նրանց պաշտպանելու կոչված գործող օրենքները մինչ օրս ոչ միշտ էին լիարժեք գործում: Մշտապես եղել են անհավասար մրցակցություն, ստվերայնություն, տեսչական ավելորդ ստուգումներ, որոնք ավելի շատ տեսուչների անձնական շահերից ելնելով էին կատարվում: Օրենսդրական բարեփոխումներ եղել են, բայց դրանք միաժամանակ խրթին են դարձրել համակարգը: Այս տեսանկյունից, երբ դիտարկում ենք նախկինում եւ 2008-09-ին կառավարության գործունեությունը, հսկայական տարբերություններ ենք տեսնում: Առաջինն այն է, որ ակտիվորեն սկսվեցին հարկային օրենսդրության փոփոխություններըՙ դրանք պարզեցնելու ու հեշտացնելու համար: Այժմ մաքսային օրենսդրությունն է վերանայվում: Խոսքը հսկիչ գների վերանայման մասին է: Պետեկամուտների կոմիտեն պատրաստ է ճանաչել այն 13 երկրների ապրանքների հաշիվ-ապրանքագրերը, որոնց հետ ավելի հաճախ ենք առեւտրային գործարքներ կատարում, պայմանով, որ 1 տարվա ընթացքում կամ գուցե ավելի շուտ, ճշտումներ անելով, գանձի լրացուցիչ գումար, եթե ապրանքագիրը սխալ լինի: Այսինքն, հաշիվ-ապրանքագիրը հիմք կընդունվի այդ պահին, որպեսզի սահմանի վրա ապրանքը չկանգնեցվի: Ամենամեծ աջակցությունը կառավարության կողմից այն էր, որ սկսեց ակտիվորեն համագործակցել մասնավոր հատվածի հետ: Այդ երկխոսությունն արտահայտվում է մի քանի ձեւով: Առաջինը, որ մենք ավելի հաճախ ենք կարողանում շփվել վարչապետի հետ եւ նրան ուղղակիՙ էլեկտրոնային կապի, նամակների եւ հանդիպումների միջոցով տեղեկացնել մեր խնդիրների մասին: Ակտիվացել են գործարարության աջակցման խորհրդի աշխատանքները: Կառավարությունը նույնիսկ մասնավոր ընկերության ժամանակավոր փայատեր դարձավ կամ էժան վարկեր տրամադրեց: Նախկինում հնարավոր չէր նման բան պատկերացնել:

Պետությունը փորձեց նաեւ մեզ հետ քննարկելով բարձրացնել ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Մենք առաջարկել ենք կիրառել տարբերակված մոտեցում, որպեսզի որոշ ապրանքների համար դրանք բարձրացվեն, իսկ որոշների համարՙ իջեցվեն: Քանի որ կան տեղական արտադրողներ, որոնք կախվածություն ունեն ներմուծվող հումքից, որի մաքսատուրքի իջեցումը նրա համար ձեռնտու է: Պետությունը տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով եւ բյուջե լրացուցիչ 12 մլրդ դրամ մուտքեր ակնկալելով, փորձեց միայն բարձրացնել մաքսատուրքերը: Սակայն երբ համատեղ քննարկեցինք այդ հարցը, պարզվեց, որ այնտեղ ապրանքներ կան, որոնց թանկացումը բյուջե լրացուցիչ եկամուտներ կարող էր չբերել: Այդ ապրանքները բերվում են Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից, որոնց հետ կա ազատ առեւտրի համաձայնագիր: Բյուջե լրացուցիչ եկամուտներ չբերելով` դրանք կարող էին նպաստել շուկայում գների բարձրացմանը: Որոշվեց, որ դեռ վաղ է մաքսատուրքերը բարձրացնելը: Կարծում եմ, որ ավելի ուշ կրկին անհրաժեշտ կլինի անդրադառնալ այս հարցին, բայց բարձրացնելով միայն ներմուծվող այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք կարող են իսկապես տեղական արտադրողին պաշտպանել: Այլապես, օրինակՙ երբ փորձում են բարձրացնել մսի ներմուծման մաքսատուրքը, դա վնասելու է մեր մսամթերք արտադրողներին, որոնք ներմուծվող միսն օգտագործում են երշիկեղենի արտադրության մեջ: Իսկ, օրինակ, հյութերի, ջրերի, գարեջրի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը պետք չէ, որ հեշտությամբ կատարվի: Ընդունում եւ աջակցում ենք կառավարության այն ռազմավարությունը, որ հստակ իրավիճակներ լինեն եւ տեղական արտադրողը որքան հնարավոր է պաշտպանված լինի:

- Կա՞ն օրինակներ, երբ կոնկրետ ձեռներեցներ եւ ընկերություններ դիմում են` փորձելով նոր արտադրություն ստեղծել եւ կամ եղածը զարգացնել օգտվելով բարենպաստ վարկավորման ստեղծված հնարավորություններից:

- Մեզ հիմա դիմում են բազմաթիվ ընկերություններ եւ գործարար ծրագրեր են առաջարկում: Մենք դրանք ֆիլտրում ենք, որ այստեղ էլ սպեկուլյացիա չլինի եւ դա չլինի պետությունից պարզապես գումար ստանալու միջոց: Դիմումներն ընդունելու հիմնական չափանիշներն ընկերությունների մրցունակությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը եւ արտահանման կողմնորոշումն են: Վերջինս շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ մեր ներմուծումը 4 անգամ գերազանցում է արտահանմանը: Ունենք առաջարկներ հագուստի, պահածոների, կաթնամթերքի արտադրությունների ընդլայնման վերաբերյալ:

- Պրն Մակարյան, վերջերս խոսելով արտահանողների խնդիրների մասին, կարեւորեցիք դրամի փոխարժեքի որոշակի թուլացման անհրաժեշտությունը: Դա մինչ մարտի 3-ի փոխարժեքի նվազումն էր: Ներկայիս փոխարժեքը նպաստավո՞ր է հայկական արտահանող ընկերությունների համար:

- Ես ասել եմ, որ Հայաստանի ներկա արտադրողականության մակարդակը ձեռնարկություններում այնպիսին է, որ 1 դոլարը 400-450 դրամ փոխարժեքը թույլ է տալիս, որ նրանք ազատ շնչեն: Սակայն երբ այդ ձեռնարկությունների արտադրողականությունը բարձրանա, պետք չի լինի, որ փոխարժեքը 400-450 դրամ լինի: Բանն այն է, որ մեր ձեռնարկությունների սարքավորումների մեծ մասը շատ ժամանակակից չեն:

Մենք ունենք 1,2 մլն մարդ, որ որոշակի աշխատավարձ է ստանում դրամով: Ունենք տրանսֆերների բյուջե, որը 2 մլրդ դոլար էր հին փոխարժեքով, բայց դրան համարժեք դրամի զանգվածը հիմա մեծացավ: Այն մարդիկ, որոնք դրամով աշխատավարձ են ստանում, նրանց գնողականությունը մնաց նույնը կամ իջավ, իսկ ովքեր դոլարային եկամուտներ էին ստանում, նրանց գնողականությունը բարձրացավ: Դա կարող է որոշակիորեն խթանել առեւտուրը: Այս իրավիճակում կարեւոր է, որ պետությունը աչալուրջ լինի գների տատանումների ժամանակ եւ փորձի սպեկուլյատիվ տատանումները թույլ չտալ: Պետությունը գուցե ի վիճակի չէ աշխատավարձի փոխհատուցում տալ կամ ինդեքսավորել, բայց պետք է կարողանա որքան հնարավոր է ինտենսիվ օգնել տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, նոր ծրագրեր, նոր աշխատատեղեր ստեղծելուն եւ փորձի ներծծել այն աշխատուժը, որ արտերկրից կվերադառնա Հայաստան:

Ներկա փոխարժեքն արտահանողների համար ավելի նպաստավոր իրավիճակ է ստեղծել: Սակայն եթե շատ ապրանքների գներ շատ բարձրանան, ապա ձեռնարկությունները աշխատավարձերի բարձրացման խնդիր կունենան: Ինչը գուցե եւ չկարողանան կատարել եւ գնան ստվերային աշխատուժի օգտագործմանը, քանի որ աշխատավարձերը բարձրացնելու դեպքում նույն իրավիճակի առջեւ են կանգնում, ինչ էժան դոլարի դեպքում:

- Արդյունաբերության ո՞ր ոլորտներում փոխարժեքի նվազումը դրական փոփոխությունների կբերի:

- Հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, սարքաշինությունը կսկսեն շնչել: Արտաքին շուկաներումՙ Ռուսաստանում, Ուկրաինայում մեր ապրանքների պահանջարկ կա: Պայմանագրեր են կնքվում, փորձնական խմբաքանակներ առաքվում: Այնպես չէ, որ ամեն ինչ սառել է: Աշխարհի բնակչությունը շարունակելու է սպառել, իսկ պետք է կարողանանք այդ սպառման մեջ մեր տեղը գտնել: Մենք լավ ենք տրամադրված եւ մեր պետությունն էլ մեզ աջակցելու հարցում խիզախ քայլեր է անում: Կարեւոր է գործարար համայնքի հետ շատ շփվելը:

- Այսինքն, ցանկանում եք ասել, որ արտադրողներն ու արտահանողներն ամեն ինչից գոհ են եւ ուրիշ ակնկալիքներ չունե՞ն կառավարությունից:

- Ունեն: Դա նախ եւ առաջ հավասար մրցակցության հարցն է: Գործարարները պետք է զգան, որ իրենք գտնվում են մի պետության մեջ, որտեղ իրենք միայնակ չեն լուծում իրենց խնդիրները: Պետությունը նաեւ չպետք է թույլ տա նախկին մեթոդներով հարկային տեսչական ստուգումներ իրականացնել: Բյուջեի կատարման համար քայլերը պետք է լինեն հանգիստ, քանի որ այժմ ձեռնարկություններում լարված է իրավիճակը: Տեսուչները պետք է համագործակցեն տեղի համայնքների հետ, պետք է զգան իրենց այդ համայնքի մաս, զգան տվյալ համայնքի, տեղի գործարար կյանքի զարկերակը: Վարչապետը փորձում է այդ զարկերակը զգալ: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարներն էլ, բայց որքան դեպի ներքեւի օղակներ ենք գնում, այնքան այդ մոտեցումը նվազում է:

- Իսկ ի՞նչ պետք է անի բիզնեսն ինքը ճգնաժամին դիմակայելու եւ զարգանալու համար:

- Բիզնեսն իր ինտելեկտուալ մակարդակը պետք է բարձրացնի: Պետք է լինեն որոշումներ վերլուծությունների եւ վիճակագրության հիման վրա, ավելորդ ուժերից, մարդկանցից կամ տարածքներից ազատվելու որոշումներ պետք է լինեն, եւ որոշ առումով պետք է զգուշավոր քայլեր կատարենք: Աշխարհում շատ ընկերություններ չդիմացան եւ դուրս մղվեցին: Մենք պետք է ակտիվ եւ ճկուն լինենք մտնելու համար ինչ-որ մի հատվածի մեջ: Օրինակՙ Եվրոմիության երկրների հետ առեւտրում GSP+ համակարգից օգտվելու հարցում: Այդ մաքսատուրքի միջին հաշվով 20 տոկոս զեղչն արդեն իսկ մեր արտահանողներին մրցունակության բարձրացման հնարավորություն է տալիս:

Հարցազրույցը` ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4