«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2009-03-17 | #47, 2009-03-18 | #48, 2009-03-19


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՇՈՒՐՋ 550 ԱՇԽԱՏՈՂ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆ»

Մարտի 18-ին աշխատանքային այցով Վանաձորի քիմգործարանում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում ուղեկցում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, կառավարության անդամներ, մարզի խոշոր համայնքների ղեկավարներ եւ ուրիշներ: Նրանք «Վանաձոր-քիմպրոմի» խնդիրներն ու հետագա անելիքները քննարկեցին ձեռնարկության ղեկավարության հետ, այնուհետեւ շրջեցին ձեռնարկության արտադրամասերում: Ամփոփելով հանդիպման արդյունքները եւ պատասխանելով լրագրողների հարցերինՙ Տ. Սարգսյանը մասնավորապես նշեց.

- Մենք քննարկել ենք երկու կարեւոր հարց: Առաջինը վերաբերում էր ընդհանրապես քիմգործարանի ապագային, ռազմավարական ծրագրերին, թե ինչպիսի ներդրումներ պետք է կատարվի եւ գործարանում կուտակված հզորությունները ինչպես պետք է շահագործենք: Երկրորդ խնդիրը, որը շատ ավելի կոնկրետ է, գործարանի հզորությունները պարարտանյութ արտադրելու համար օգտագործելն է եւ մեր գյուղատնտեսության պահանջները բավարարելը: Այդ առումով քիմգործարանն ունի բացառիկ հնարավորություններ: Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ գործարանն այժմվանից սկսած կձեռնարկի միջոցառումներ, որպեսզի արտադրվի պարարտանյութ: Մինչեւ տարվա վերջՙ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն կունենանք կարբամիդ, որը կիրացվի գյուղատնտեսության կարիքների համար: Հետագայում էլՙ 2010 թվականին, արդեն այդ արտադրամասը կարող է աշխատել ամբողջ հզորությամբ: Մենք կարող ենք վստահ լինել, որ գյուղատնտեսության ամբողջ համալիրի պարարտանյութի կարիքները կարող է ապահովել միայն Վանաձորի քիմգործարանը, եւ ստիպված չենք լինի տարբեր տիպի պարարտանյութեր ներկրել այլ երկրներից: Սա կարեւոր քայլ է եւ հնարավորություն կտա քիմգործարանին ավելացնելու հզորությունները: Մինչեւ տարվա վերջ շուրջ 550 աշխատող կվերադառնա ձեռնարկություն, քանի որ կաշխատի նաեւ ՋԷԿ-ը, եւ գործարանն աստիճանաբար ոտքի կկանգնի:

Ամենակարեւորն այն է, որ մենք այս ծրագրին տանք պետական կարգավիճակ: Գյուղատնտեսության զարգացման ծրագրերում պետք է հաշվի առնենք, որ այսուհետեւ գյուղացիական տնտեսություններին տրվող սուբսիդաների ու դոտացիաների փոխարեն նախապատվությունը տալու ենք հենց Վանաձորի քիմգործարանի արտադրած պարարտանյութերին: Դա նշանակում է, որ ձեռնարկությունը կունենա բավականին մեծ հզորություններ: Հնարավորություն է ստեղծվելու նաեւ ամբողջությամբ կազմակերպել կարբամիդի արտադրությունը եւ գործարանի աշխատանքի ճկունությունն էապես կավելանա, որովհետեւ կարբամիդից հետո ստացվում է մելամին, ինչը համաշխարհային շուկաներում ունի մեծ պահանջարկ: Եթե կարիքն զգացվիՙ կարբամիդի արտադրանքն ամբողջությամբ մատակարարել Հայաստանին, այդպես էլ կարվի, իսկ եթե կարբամիդի արտադրանքը պահանջարկից շատ լինի, կարտադրվի մելամին, որը կարտահանվի: Սրանով ե՛ւ գործարանի ճկունությունը կավելանա, ե՛ւ կբավարարենք մեր գյուղատնտեսության պարարտանյութի պահանջարկը, ե՛ւ գործարանն ավելի կայուն հիմքերի վրա կկազմակերպի իր արտադրությունը:

Տ. Սարգսյանն անդրադարձավ նաեւ կարբիդի արտադրության խնդրին: Նա նշեց, որ կարբիդի խնդիրը պայմանավորված է համաշխարհային շուկաներում գնի կտրուկ անկումով: Այս պահի դրությամբ էլ 600 տոննա կարբիդ կա պահեստներում եւ մոտակա օրերի ընթացքում վերականգնվելու է մատակարարումը: Արդեն համաշխարհային շուկաներում գներն սկսում են վերականգնվել եւ դա հույս է ներշնչում, որ կարբիդի արտադրամասն ամբողջ հզորությամբ կսկսի աշխատել: Մնացած արտադրամասերի աշխատանքի վերականգնումը Տ. Սարգսյանը պայմանավորեց համաշխարհային տնտեսության աճով, հատկապես որ համաշխարհային շուկաներից եկող նորությունները հուսադրող են: Բացի այդ, գործարանի վերականգնման ու արդիականացման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ եւ հասկանալի է, որ դա պետք է արվի աստիճանաբարՙ ստացված եկամուտները ներդնելով նոր արտադրամասերի վերականգնման համար:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4