BizSpark-ը կառաջարկվի նորաստեղծ ընկերություններին
Microsoft ընկերության Հայաստանի գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը երեկ «Նովոստի» գործակալությունում տեղեկացրեց Հայաստանում ընկերության նոր ծրագրի մեկնարկի մասին: BizSpark-ը ինովացիոն նոր ծրագիր է, որը նպատակ ունի աջակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ (մինչեւ 3 տարվա գործունեություն եւ 500 հազար դոլարը չգերազանցող շրջանառություն ունեցող) ընկերություններին եւ թիմային աշխատանքներ իրականացնող ծրագրավորողներին: Նոր ծրագրով վերոնշյալ կազմակերպություններն ու անհատները հնարավորություն են ստանում օգտվելու Microsoft-ի գործիքներից եւ տեխնոլոգիական ռեսուրսներից: Գրիգոր Բարսեղյանի խոսքով, ծրագրի նպատակն է, որ հայկական ընկերությունները ոչ թե արտերկրի պատվեր կատարեն, այլ ստեղծեն սեփական արտադրանքը եւ արտահանեն: Վերջին հանգամանքը կարեւորեց նաեւ այս ծրագրում Microsoft-ի գործընկեր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ավելացնելով, որ դա բխում է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունից:
Խոսելով նոր ծրագրի հասանելիության մասին, Գրիգոր Բարսեղյանն ասաց, որ ծրագրային փաթեթները հասանելի կլինեն նաեւ որպես ծառայությունՙ տեղադրված լինելով սերվերներում, որոնցից կարելի է օգտվել որոշակի վճարով: Նա նաեւ տեղեկացրեց, որ առնվազն 60 երկրներ ներգրավված են BizSpark ծրագրում:
Ա. Մ.