Դեռեւս վաղ է ասել, որ այս ընտրությունների ժամանակ էլ, վճռորոշ պահին ընդդիմությունը երկպառակվեց: Համենայն դեպս ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը երեկ հայտարարեց, թե բացառված չէ, որ արմատականներն ու «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրությանը մասնակցեն միասնական ցուցակով: Այդ առնչությամբ երկու կողմերը բանակցում են: Խաչատրյանն ավելի բարձր է գնահատում ՀԱԿ-ի հաղթանակի հնարավորությունը` նկատի ունենալով 2008-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի արդյունքը: Սակայն բանախոսը միաժամանակ հավելում է, որ երկու ընդդիմադիր ուժերի միասին մասնակցության դեպքում հաղթանակի հնարավորությունն ավելի կմեծանա: «Եթե ընդդիմության թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանը չլիներ, ապա իշխանությունը քաղաքապետի ընտրության ուղղակի «բլից-կրիգ» կաներ, նախապես կկազմեր ընտրատեղամասերի արձանագրությունները, թվեր կնկարեր: Այս ընտրությանը քաղաքական նշանակություն տալու միակ տարբերակը Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը ցուցակի առաջին հորիզոնականում դնելն էր: Այլ տարբերակը դժվար կլիներ բացատրել քաղաքացիներին», ասաց Խաչատրյանը` կարծիք հայտնելով, թե երեւանցիները կգնահատեն ընդդիմության եւ նրա առաջնորդի այդ քայլը:
ՀԱԿ-ի ներկայացուցիչը փաստեց, որ աթոռակռվի խնդիր չկա: «Սեղանին ավելի լուրջ խաղաքարտ է դրված, միայն Երեւանի քաղաքապետի, ավագանու հարցը չէ»: Խաչատրյանը փաստեց, որ ԼՏՊ-ի առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածուի, լավ ու ոգեւորիչ անակնկալ էր կոնգրեսի անդամների ու համախոհների համար: «Միաժամանակ անհանգստացնող հանգամանք է իշխանական թեւի համար»: ՀԱԿ-ում չեն կասկածում, որ ԼՏՊ-ն հաղթելու է: Արմատական ընդդիմությունը քաղաքապետի ընտրությունը ընկալում է որպես քաղաքական պայքարի շարունակություն: Եթե հաղթեն, ապա ՀԱԿ-ը պահանջելու է իշխանության հրաժարականը: Խաչատրյանը չհրաժարվեց կանխատեսումներ անելուց եւ ասաց, որ 2009-ի վերջին կամ էլ 2010-ին երկրում կլինեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:
ՀԱԿ-ում նաեւ պայքարելու են ընտրակեղծիքների դեմ: Խաչատրյանը նշեց, որ ամեն անգամ իշխանությունը նոր տեսակի ընտրակեղծիքների տեխնոլոգիա է կիրառում: Խաչատրյանը նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրակեղծիքները անվանեց «բուկետ»: Բանախոսը վստահեցրեց, որ այս անգամ ավելի լավ են պատրաստվել կեղծիքների դեմ: Ըստ ՀԱԿ անդամի, Երեւանում իշխանությունները միշտ էլ դժվարությամբ են ընտրակեղծիք իրականացրել, «Իսկ ընդդիմության պայքարը լինելու է բացառապես օրենքի շրջանակներում: Կազմակերպելու ենք հանրահավաքներ, միտինգներ ու երթեր»:
ՀՀ նախագահի գրասենյակը ընդդիմությանը հրավեր է ուղարկել` մասնակցելու մարտի 20-ին նախագահի նստավայրում անցկացվող քննարկմանը` նվիրված ֆինանսատնտեսական իրավիճակին: «Կոնկրետ կոնգրեսին հրավեր չի եղել: Կոնգրեսի մեջ մտնող կուսակցությունների առաջնորդներին` Հրանտ Բագրատյանին, Հովհաննես Հովհաննիսյանին հրավեր ուղարկել են, սակայն նրանք չեն մասնակցելու: Հրավերն ուշացած է: Սակայն սա այն տարբերակը չէ, երբ ասում ենՙ ուշացած, բայց լավ: Սա այն տարբերակն է, երբ ասում ենՙ ուշացած ու վատ: Այդ հրավերն ավելի օգտակար կլիներ, եթե արվեր նոյեմբերին, դեկտեմբերին, նույնսիկ հունվարի 10-ին»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ