Մեկ տուր է մնացել Ստամբուլում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի ավարտին: 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց առաջատարներից մեկիՙ Հոու Յիֆանի հետ: Էլինան վաստակած 7 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Չժաո Սյուեին, Հոու Յիֆանին ու Համպի Կոներուին: Ավարտական տուրում հայ շախմատիստուհին սպիտակներով մրցելու է Չժաո Սյուեի հետ եւ հաղթանակի դեպքում կարող է մրցանակակիր դառնալ:
10-րդ տուրի մյուս պարտիաներում Չժաո Սյուեն անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Մարի Սեբագին, Համպի Կոներուն առավելության հասավ Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ, Մարթա Ֆիեռոն հաղթեց Շեն Յանին: Մրցաշարում այնքան էլ հաջող հանդես չի գալիս աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն, որը հաղթելով Իլդիզին, վաստակեց 5 միավոր: Կրամլինգ-Մամեդյարովա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
11-րդ տուրում բացի Դանիելյան-Չժաո Սյուեն պարտիայից, վճռորոշ կլինեն նաեւ Սեբագ-Կոներու, Շեն-Յիֆան պարտիաները: Ավելի դյուրին է թվում Հոու Յիֆանի խնդիրը, որը մրցելու է իր հայրենակից, 2 միավորով 11-րդ տեղում ընթացող Շենի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ