Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան մրցանակակիրները: Մեդալների տերերին որոշելու համար 8 միավոր վաստակած 11 շախմատիստների միջեւ լրացուցիչ մրցախաղ անցկացվեց արագ շախմատի կանոններով: Մրցակիցները վիճակահանությամբ զույգեր կազմեցին, որոնցում հաղթողը պետք է որոշվեր արագ շախմատի 2 պարտիաներում: Ոչ-ոքի արդյունքի դեպքում շախմատիստներն անցկացրին կայծակնային մրցախաղ:
Բոլորից հաջող մրցաշարն անցկացրեց ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Տոմաշեւսկին, որն էլ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա նախ 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Դավիթ Նավարային, ապա կիսաեզրափակիչում 2-1 հաշվով առավելության հասավ Բայադուր Ջոբավայի նկատմամբ: Եզրափակիչում Տոմաշեւսկու մրցակիցը ռուսաստանցի Վլադիմիր Մալախովն էր: Մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ տոնեց արագ շախմատի պարտիայում, իսկ կայծակնային պարտիան շահեց Տոմաշեւսկին: Այսպիսով, ոսկե մեդալակիր դարձավ Եվգենի Տոմաշեւսկին, արծաթե մրցանակակիրը Վլադիմիր Մալախովն է:
Բրոնզե մեդալի համար մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Ջոբավային, որը 1,5-0,5 հաշվով հաղթեց Էռնեստո Ինարկիեւին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ