«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԻՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ անցկացրեց երկրորդ փակ խորհրդակցությունը քաղաքական կուսակցությունների հետ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով: Մասնակցության հրավեր էր ուղարկվել Հայաստանում գործող 63 կուսակցությունների, որոնցից ներկա էին միայն 48-ը, իսկ հանդիպումը կայացավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Հայաստանն ու մեր տնտեսությունը մեկուսացված կղզիներ չեն, եւ մեր երկիրը նույնպես զգում է ճգնաժամի ազդեցությունը: Խնդրո առարկայի շուրջը քաղաքական կուսակցություններից բազմաթիվ տեսակետներ են հնչում, հրապարակայնորեն ներկայացվում են մոտեցումներ, եւ այժմ լավ առիթ է դրանք մեկտեղելու, քննարկելու, մտքեր փոխանակելու համար», ասել է երկրի նախագահը, որը մենք չենք լսել եւ մեջբերում ենք նրա պաշտոնական կայքէջից:

Նախագահը նկատել է, թե կառավարությունը, իշխանություններն իրավունք չունեն թաքնվելու ճգնաժամի թիկունքում եւ սեփական սխալները, սեփական բացթողումները վերագրելու միայն ու միայն ճգնաժամին. «Իրողությունն այն է, որ եթե միակամ չդիմագրավենք այս ճգնաժամին, տուժելու ենք բոլորս, ողջ հասարակությունով: Թողնել կառավարությանը միայնակ այս վտանգի դեմ` առնվազն անխոհեմ է... թե ինչպես կզարգանա ճգնաժամը մեզանում` մեծապես կախված է նաեւ դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից: Թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրեւ ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Հավատացնում եմ ձեզ, խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում: Կուզեք տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեք, միեւնույն է, ոչինչ չի ստացվի, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքում էլ եղել է այն շեշտադրումը, որը կար նաեւ լրագրողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում, սակայն անհրաժեշտ երեք ուղղությամբ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման թվային հիմնավորում եւս ներկայացվել է: Այդ երեք ուղղություններն են ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, հասցեագրված օժանդակություն այն ձեռնարկություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ, փոքր եւ միջին բիզնեսին օժանդակությունը:

Վարչապետի խոսքից հետո քննարկումը տեւեց շուրջ հինգ ժամ, որից հետո հավաքի արդյունավետությունը վարչապետը գնահատեց լրագրողների հետ զրույցում: Ըստ նրա` հավաքի արդյունավետությունը պայմանավորված էր երկու հանգամանքով, որ հնարավորություն եղավ լսելու ե՛ւ քննադատություն, ե՛ւ առաջարկություններ:

«Կուսակցություններն ինչ-որ խելամիտ, Ձեզ համար ընդունելի առաջարկներ արեցի՞ն», հետաքրքրվեցինք: Ըստ վարչապետի`բոլոր կուսակցությունների ղեկավարները արտահայտվեցին` տալով ե՛ւ գնահատականներ, ե՛ւ առաջարկություններ. «Եղան հետաքրքրական եւ արժեքավոր առաջարկություններ, որոնց միանգամից արձագանքելը երեւի թե ճիշտ չի լինի, քանի որ մենք պետք է ուսումնասիրենք այդ առաջարկություններն ու պարզենք` ինչպիսի՞ հետեւանքներ կարող են ունենալ, հարկային, բյուջետային ի՞նչ ծախսեր են ենթադրում, ինչ արդյունքներ կստանանք: Բայց որ արժեքավոր դիտարկումներ կային` միանշանակ է», ասաց վարչապետը: Մասնավորապես` հարկային ոլորտին, վարկավորման ծավալներին վերաբերող, վարկային գործիքների կիրառման առումով, լոտոների օգտագործման` որպես պետական գործառույթի իրականացում»: Առաջարկները վերաբերել են պետության միջամտությանը տարբեր ոլորտներում` գները զսպելու, համերաշխության մթնոլորտի ապահովման, խոշոր բիզնեսը ավելի թափանցիկ, վերահսկելի դարձնելու, նրանց բեռն ավելացնելու ուղղությամբ. «Մենք պետք է ուժեղացնենք մեր երկրի դիմադրողականությունը, մեր պետության, դրա համար անհրաժեշտ է էապես ուժեղացնել ենթակառուցվածքները, էապես օժանդակել փոքր եւ միջին բիզնեսին, ցուցադրել օժանդակություն այն ձեռնարկություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ եւ պետության օգնությամբ ակնհայտ է, որ կհաղթահարեն այդ ժամանակավոր դժվարությունները»: Իսկ ինչ վերաբերում է հնչած քննադատություններին, ապա, ըստ վարչապետի, դրանք կառուցողական էին, չէին կրում անձնական բնույթ, վիրավորական երանգներ չէին պարունակում, դրա համար օգտակար էին:

Լրագրողներին հասանելի մի քանի քաղաքական գործիչների հարցրինք նրանց տպավորությունը հավաքից:

Ըստ ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանի ` բաց եւ օգտակար խոսակցություն էր ծավալվել խորհրդակցության ընթացքում: Նա կարեւորեց տնտեսական անվտանգության ելակետը, քանի որ հոռետեսական սցենարները չպետք է բացառել, դրանք պարտավորեցնում են, որ դու քայլեր կատարես` խուսափելու ամենավատ վիճակում հայտնվելուց, որից ոչ ոք երաշխավորված չէ: Այդ տեսակետից ինքնաբավության մակարդակի բարձրացումն ընդունելի է, ըստ որի առաջնահերթ պետք է միջոցներ տրամադրվեն, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքների մասով կրիզիս չառաջանա, տեղական արտադրողի եւ եղած գյուղատնտեսական արտադրանքի հնարավորություններն ու ռեսուրսները, ինչպես նաեւ դրսից ստացված վարկերը ճիշտ եւ հասցեավորված օգտագործվեն:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով` իշխանությունը մի թիմ է, որ ներկա պայմաններում կարող է հնարավորինն անել, բայց դա միայն իրենցից չի կախված, այլ հասարակության լայն շերտերից, մեծահարուստներից, քաղաքական կուսակցություններից, ժողովրդից, սպասումներից, եւ եթե չլինի միասնական ընտանիքի, միասնական օրինականության գաղափարը, շատ դժվար կլինի հաղթահարել ճգնաժամը: Ըստ նրա, դժվար է ասել` ճգնաժամն ինչքան կտեւի, բայց այս ճգնաժամը կարող է լավ առիթ լինել Հայաստանի ներքին կյանքը, տնտեսությունը կառուցելու: Դա չի նշանակում խուսափել ճգնաժամից, բայց մարդ ծանր իրավիճակում իրեն ավելի լավ է դրսեւորում. «Մենք ընկել ենք ծանր վիճակի մեջ, ինչպես եւ ողջ աշխարհը, հարցն այսպիսին պիտի լինի` այս վիճակից դուրս գալն իրար հաշվի՞ն պետք է լինի, թե՞ միասնական», ասաց` միաժամանակ նկատելով, որ դրսի որոշումներն ազդում են մեզ վրա, բայց նախագահ Ս. Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, թե չի կարելի մեր թերություններն անընդհատ գցել ճգնաժամի վրա. անկախ ճգնաժամից մեր տնտեսական համակարգն արդեն չէր համապատասխանում իրավիճակին: Վարչապետ Տ. Սարգսյանը ներկայացրել է մի ծրագիր, որին Վ. Մանուկյանը համաձայն է, բայց մի բան է ծրագիր ունենալը, մի բան իրականացնել կարողանալը, դրա համար բոլորս պետք է աշխատենք:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ առաջարկել է ստվերային կապիտալը ռեպրեսիվ մեթոդով չօգտագործելու եւ կոռուպցիայի չափերը չմեծացնելու համար ստեղծել տրաստֆոնդ, որը պետությունը եւ կառավարությունն օգտագործեն որպես անտոկոս վարկ` կարեւորագույն ծրագրերն իրականացնելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4