«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ

Երեկվա խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու քարտուղար Լարիսա Ալավերդյանը անդրադարձան Հայ ազգային կոնգրեսի հետ հարաբերության խնդրին ու քաղաքապետի ընտրությանը: Նրանք նկատել են, որ հատկապես ընդդիմադիր մամուլը սխալ է անում, երբ փորձում է «Ժառանգությանն» արատավորել ՀԱԿ-ի հետ միասնական մասնակցությունը մերժելու համար: Լ. Ալավերդյանն էլ հայտարարեց, թե Հայ ազգային կոնգրեսի հետ խռով չեն, ու պետք չէ այդօրինակ բաներ որոնել: «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրության մասնակցության ձեւի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացրել, այն կլինի հենց մարտի 20-ին, քննարկման արդյունքում: «Ժառանգությունը» կողմ է երիտասարդ գործչի գլխավորությամբ ցուցակինՙ ի դեմս Արմեն Մարտիրոսյանի, որը հետո ամոթով չի թողնի ընդդիմությանը, իսկ ՀԱԿ-ը, ըստ Լարիսա Ալավերդյանի, փորձում է քաղաքապետի ընտրությանը մասնակցել իր արդեն կուտակած ներուժով: Արմեն Մարտիրոսյանը նաեւ հաստատեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի նախօրեին արած հայտարարությունը, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բանակցում են ընտրությանը միասնական տարբերակով հանդես գալու շուրջը:

Խորհրդարանական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակն է պատրաստ, որով նրանք պատրաստվում են մասնակցել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՙ ցուցակի առաջին հորիզոնականում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն է, երկրորդ հորիզոնականումՙ ԱԺ պատգամավոր Մխիթար Մնացականյանը, իսկ երրորդում` ԵՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Մաթեւոսյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասաց, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել, թեեւ ՀՅԴ ցուցակը գլխավորելու հիմնական թեկնածուների շարքում շրջանառվում է պատգամավոր Արծվիկ Մինասյանի անունը:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ մամուլը պետք է քաղաքապետի ընտրությունից առաջ հանգիստ թողնի քաղաքական թիմերին, որպեսզի նրանք հանգիստ պայմաններում ճիշտ կողմնորոշվեն: Իսկ ճիշտ կողմնորոշումը Գալուստ Սահակյանի համար կողմնորոշումն է դեպի ընտրություններ, դեպի ժողովուրդը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք անսպասելի՞ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, Գալուստ Սահակյանը պատասխնեց, որ անսպասելի չէր, իսկ այն խուճապը, որի մասին խոսում է մամուլը, ըստ Գալուստ Սահակյանի, լինում է միայն օտարների դեմ: Սահակյանն ասում է, որ իրենք հայրենակիցներին օտար չեն համարում: Գալուստ Սահակյանը նշեց նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը լավ են ընդունում եւ լավ կլինի, որ քաղաքի ավագանու կազմում լինի ընդդիմադիր մեկ ֆրակցիա:

Գալուստ Սահակյանին լրագրողները կրկին հարցրեցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն ընտրեց քաղաքապետի մականունավոր թեկնածու: Վերջինս էլ պատասխանեց, որ հայ գրականության մեջ բոլոր հերոսներն ունեն մականուն: «Իսկ ինչու ինքը չունի» հարցին Սահակյանը պատասխանեց, թե ափսոսում է դրա համար:

Հակակշի՞ռ է արդյոք Գագիկ Բեգլարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լրագրողների այդ հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե «պարոն Բեգլարյանը հակակշիռ չէ, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է հակակշիռ», ու ինքն ընդհանրապես կարծում է, որ «անձերի համեմատականով» չէ, որ մեր քաղաքի ճակատագիրը լավ կլինի: Գալուստ Սահակյանը կարծում է, որ հաղթելու են բոլորը, քանի որ բոլորը հնարավորություն ունեն մասնակցելու Երեւանի ավագանու ընտրությանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4