Երեկ լրագրողները ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանին հարցրին, թե Դաշնակցությունն իրեն պատասխանատու համարո՞ւմ է երկրում առկա սոցիալական վիճակի եւ դրա ծանրացման հեռանկարի համար: Արտյուշա Շահբազյանը նշեց, թե «պատասխանատվությունը պիտի գա Օբամայից, Բուշից, հասնի մեզ ու տեսնենք, թե ինչքանով է մեր իշխանության պատասխանատվությունն իրավիճակի համար»:
Իսկ ԲՀԿ ներկայացուցիչներին լրագրողները հարց ուղղեցին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով պատգամավորը առաջարկում է 20 տոկոսով ինդեքսացիայի ենթարկել կենսաթոշակներն ու սոցիալական հատկացումները, բարձրացնելով դրանք, քանի որ տնտեսական ճգնաժամ է:
Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը նախ նշեցին, որ երբ խոսք է գնում հակաճգնաժամային քայլերի մասին, ապա պետք է չմոռանալ, որ «Բարգավաճ Հայաստանն» առաջինն է հայտարարել Հայաստանում ծառայություն մատուցող եւ արտադրանք տվող ընկերություններին լրացուցիչ հարկերով չծանրաբեռնելու անհրաժեշտության մասին, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ չի կրճատի իր ընկերություններում աշխատող եւ ոչ մի անձի ու չի նվազեցնի որեւէ մեկի աշխատավարձը: Իսկ Գագիկ Ծառուկյանը, ըստ Արամ Սաֆարյանի տվյալի, աշխատավարձ է տալիս 20 հազար մարդու: Այդ իսկ պատճառով Արամ Սաֆարյանն ասում է, որ երբ խոսվում է իշխանության հակաճգնաժամային այս կամ այն քայլերի մասին, ապա պետք է հիշել 2009 թվականին ոչ մի կրճատում չանելու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:
Ն. Մ.