Երեւանի ավագանու ՀՅԴ ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ինչպես վերջինս տեղեկացրեց «Նոյյան տապանին», Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իր հայցը եւ պարտավորեցրել ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությանը տեղեկանք տրամադրել, որ նա 1994-ից մշտապես բնակվում է Երեւանում: Դատարանի նման որոշումը իրավունք է տալիս Ա. Մինասյանին առաջադրվելու Երեւանի ավագանու ընտրություններում: Պատգամավորը հայտնեց, որ նշված տեղեկանքն իրեն արդեն տրվել է: Նշենք, որ ընտրական օրենսգրքի համաձայն, Երեւանի ավագանու ընտրություններում կարող է առաջադրվել Երեւանում վերջին երեք տարում մշտապես բնակվող անձը, մինչդեռ առաջադրվելիս թեկնածուից պահանջվում է ներկայացնել ոստիկանության տված տեղեկանք` Երեւանում հաշվառված լինելու վերաբերյալ: