ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվել է 3,7 տոկոս տնտեսական անկում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 96,3 տոկոսը, գումարային առումով գերազանցելով 282 մլրդ դրամը: Սա Հայաստանում արձանագրված ամենամեծ տնտեսական անկումն է վերջին 9-10 տարիների տնտեսական աճի բարձր ցուցանիշներից հետո: Շատ ավելի լուրջ անկում, ավելի շուտՙ տնտեսության համընդհանուր փլուզում, Հայաստանն ունեցել է միայն 90-ականներին: Միաժամանակ, ուշադրության արժանի է փետրվարին հունվարի համեմատ արձանագրված ցուցանիշը, համաձայն որի, 13,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Սա նշանակում է, որ թեեւ երկու ամիսներին նախորդ տարվա երկու ամիսների նկատմամբ անկում է գրանցվել, բայց փետրվարին արձանագրվել է միտում դեպի աճը:
Արդյունաբերության անկումը կազմել է 9,7 տոկոս: Այստեղ նույնպես հարկ է նշել, որ փետրվարին հունվարի նկատմամբ աճ է արձանագրվելՙ 4,5 տոկոսով: Առանց էլեկտրաէներգիայի արդյունաբերության անկումը կազմել է 6,6 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 21,3 տոկոսով: Գյուղատնտեսությունն աննշանՙ 0,1 տոկոս աճ է ունեցել, մանրածախ առեւտուրն աճել էՙ 5 տոկոսով, սպասարկման ոլորտը (ծառայությունները)ՙ 2 տոկոսով:
Հունվար-փետրվարին ՀՆԱ անկման հիմնական պատճառը շինարարության մեջ արձանագրված անկումն էՙ 1,5 տոկոսով: Այս ճյուղը վերջին մի քանի տարվա ընթացքում տնտեսական աճ ապահովող հիմնական ճյուղն էր: Անգամ այս տարվա հունվարին այստեղ 13,4 տոկոս աճ էր արձանագրվել 2008-ի հունվարի համեմատ: Սակայն հունվար-փետրվարին շինարարության մեջ արձանագրված անկումն իր էական ազդեցությունն է թողել տնտեսական ընդհանուր ցուցանիշի վրա:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 4,6 տոկոսով: Միջին աշխատավարձն ավելացել է 13,8 տոկոսովՙ կազմելով 94,6 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 80 հազար դրամ, մասնավորումՙ 116 հազար դրամ:
Արտաքին առեւտուրը կազմել է 506 մլն դոլարՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 26,2 տոկոսով: Արտահանումը կազմել է 79 մլն դոլարՙ նվազելով 44,8 տոկոսով, ներմուծումը 427,5 մլն դոլարՙ նվազելով 22,2 տոկոսով:
Այսպիսով, միանշանակ է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդում է մեր տնտեսության եւ մասնավորապես նրա հիմնական շարժիչ ուժերիՙ շինարարության եւ արդյունաբերության վրա: Միաժամանակ, կարելի է ենթադրել, որ հունվար-փետրվարին արձանագրված անկումն ամենազգալին կլինի: Մարտին սեզոնային գործոնով պայմանավորված շինարարության ծավալները կավելանան: Արդյունաբերության համար էլ դրամի փոխարժեքի նվազումը գործունեության հեռանկարներ է բացելՙ մասնավորապես հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, սարքաշինության եւ մեքենաշինության ոլորտներում արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների համար: Նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար արտաքին աղբյուրներից ստացվող վարկավորման ծավալներն են ավելանալու: Սակայն, անկախ տնտեսական ցուցանիշների սպասվող որոշ բարելավումից, առաջիկա 1-2 ամիսներին անհավանական է, որ մեր տնտեսությունը անկումից դուրս կգա զրոյական մակարդակի: Ամենայն հավանականությամբ, կհաջողվի միայն կրճատել անկման ցուցանիշը: