Երեկ գրողների միության նախագահության հրավիրած ընդհանուր ժողովի օրակարգը մեկ հարցից էր բաղկացած: Քննարկման նյութը միության կարգավիճակի` ստեղծագործական թե հասարակական կազմակերպության ընդունումն էր: Հարցը ներկայացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը , հընթացս փորձելով անդրադառնալ միության շուրջը եղած բանադրանքներին, հեռուստատեսային արշավանքներին` հետամուտ կազմալուծելու ՀԳՄ աշխատանքները, մտավորականության, գրողների հեղինակազրկմանը («Գայթակղության քարն» իհարկե միության շենքն ու հարակից նյութական արժեքներն են): ՀԳՄ Գյումրիի, Վանաձորի, Արցախի մասնաճյուղերի նախագահները կողմ արտահայտվեցին գրողների միության ստեղծագործական կարգավիճակին: «Գրական թերթի» խմբագիր Սամվել Կոսյանը ստեղծագործական միությունները ՀԿ-ների շարքին դասելը սխալ ու անպատեհ համարեց, անդրադառնալով վերջերս Մոսկվայում կայացած ԱՊՀ Գրողների կոնֆերանսին, որտեղ նույնպես քննարկվել է այս հայցը եւ առաջարկվել է դիմել ԱՊՀ երկրների նախագահներին` օժանդակելու ստեղծագործական միությունների մասին օրենքի ընդունմանը:
Ռազմիկ Դավոյանը (որի խոսքի առիթով դահլիճից փորձ արվեց արհեստական աժիոտաժ ստեղծել) հիշեցրեց, որ դեռեւս 1990-ականներից քննարկվում էր ստեղծագործական միությունների կարգավիճակի հարցը, իսկ 1994-ից մշակվել է այդ օրենքի նախագիծը, որը սակայն չի ընդունվել:
Ավիկ Իսահակյանի կարծիքով ստեղծագործական միությունները կարողացան պահպանվել պատերազմի տարիներին, այսօրվա վերաբերմունքը դրանց փոշիացնելու, թուլացնելու միտում ունի եւ առաջարկեց հստակ ձեւակերպել իրենց պահանջը Ազգային ժողովին` ընդունելու ստեղծագործական միությունների մասին օրենք: «Հովհ. Թումանյանը երբ Վերնատունն էր հիմնում, ինքնին հասկանելի էր, որ դա ստեղծագործական միություն է: Նույնը սովետների ժամանակ, պետությունը հոգ էր տանում այդ միություններին, որովհետեւ իր գաղափարները կյանքի կոչողները նրանք էին»:
Տարաբնույթ, 3000-ից ավելի օր օրի ավելացող անհայտ ծագման ու զբաղմունքի հասարակական կազմակերպությունների շարքին դասել տասնամյակների կենսագրություն, փորձ ունեցող ստեղծագործական միությունները բարոյական տեսանկյունից անընդունելի է, իրավաբանորեն, իրավունքների, պարտականությունների տեսանկյունից նույնպես զգալի են տարբերությունները: «Դա նաեւ պատասխանատվություն է, միության տոմս ստացող գրողը գիտակցում է, որ ինքը ոչ թե ինչ-որ ՀԿ-ի անդամ է, այլ ստեղծագործական միության»:
Գրողների համայնքը բացարձակ միակամ գտնվեց այս հարցում` ընդամենը 4 ձեռնպահով բոլոր ներկաները կողմ քվեարկեցին ստեղծագործական միության եղած կարգավիճակին:
Մ. Բ.
Հ.Գ. Հավաքի հենց սկզբից մի քանի անգամ դահլիճից ոչ տեղին ռեպլիկներ հնչեցին` փորձելով ժողովի բնույթը այլ հուն տեղափոխել, սակայն չհաջողվեց, որովհետեւ ժողովը վարողը` Հովհաննես Գրիգորյանը հստակ ներկայացրեց օրակարգը եւ շեղում թույլ չտվեց: Դահլիճային անհիմն վանկարկություններով ակտիվ էր Սարգիս Կարեյանը եւ հենց նա էլ հարյուրից ավելի մասնակիցներից հավաքից հետո դարձավ հեռուստալրագրողների հետաքրքրության (ածանցյալ) օբյեկտը, ինչը հարուցեց մյուսների, մանավանդ երիտասարդ մի քանի գրողների զարմանքն ու զայրույթը` ոչ հաճելի միջադեպով: