Լիլիթ Մկրտչյանը գերազանց հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունումՙ դառնալով փոխչեմպիոնուհի: Ավարտական տուրում Լիլիթը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Մարինա Ռոմանկոյին ու վաստակեց 8,5 միավոր: Նույնքան միավոր վաստակեց նաեւ ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան: Լրացուցիչ գործակիցներով Լիլիթը կգրավեր առաջին տեղը: Սակայն գործող մրցակարգի համաձայն, մեդալների համար հավասար միավորների դեպքում լրացուցիչ մրցախաղ է անցկացվում:
Մկրտչյանն ու Կոսինցեւան արագ շախմատի կանոններով 2 պարտիայից բաղկացած մրցախաղում որոշեցին Եվրոպայի չեմպիոնուհուն: Առաջին պարտիայում հաջողությունն ուղեկցեց Կոսինցեւային, իսկ երկրորդն ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, Լիլիթը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, որը եւս մեծ նվաճում է: Շնորհավորում ենք Լիլիթին այս հաջողության համար: Իսկ Տատյանա Կոսինցեւան դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի:
Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքը ցույց տվեց Սիրանուշ Անդրեասյանը: Հաղթելով Տատյանա Ստեպանովային, Անդրեասյանը 6,5 միավորով զբաղեցրեց 47-րդ տեղը: 6 միավորով 56-րդ տեղը գրավեց Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը, որին օրերս Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական նիստում շնորհվել է գրոսմայստերի կոչում: Ավարտական տուրում Գալոյանը պարտվեց Նատալյա Ժուկովային:
Նելլի Աղինյանն ու Աննա Հայրապետյանը վաստակեցին 5,5-ական միավոր եւ զբաղեցրին համապատասխանաբար 77-րդ ու 84-րդ տեղերը: Աղինյանը զիջեց Կետի Ցացալաշվիլուն, իսկ Հայրապետյանը հաղթեց Օլգա Զիմինային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Երկու Լիլիթներըՙ Մկրտչյանն ու Գալոյանը