Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հայ բռնցքամարտիկների նվաճումները տպավորիչ են: Անվանիների շարքում է նաեւ նախկին էջմիածնեցի, ներկայում իր երկու եղբայրների ու ծնողների հետ Բեռլինում բնակվող Կարո Մուրադը: Նա միջին քաշային կարգում (76,2 կգ) պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնն է: Բոլորովին վերջերս, փետրվարի 28-ին Կարո Մուրադը 3-րդ անգամ հաջողությամբ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսըՙ երկրորդ անգամ հաղթելով իտալացի Զանավիային: Վերջինիս հետ նա հանդիպել էր մեկ տարի առաջ եւ հաղթել միավորներով: Մրցակիցների 2-րդ մենամարտում Կարո Մուրադի առավելությունն ակնհայտ էր, ուստի Զանավիան 9-րդ ռաունդից հետո հրաժարվեց մենամարտից:
Երեկ «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էին կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեք եղբայրներըՙ Կարոն (իսկական անունըՙ Կարեն), Կոկոն (Գրիգոր) եւ Հովհաննեսը: Նրանք ընտանիքով 1995-ին են տեղափոխվել Գերմանիա: Հենց այստեղ էլ երկու տարի անց ավագ եղբորՙ 28-ամյա Հովհաննեսի նախաձեռնությամբ Կոկոն ու Կարոն եւս սկսել են զբաղվել բռնցքամարտովՙ ընդգրկվելով Գերմանիայում հանրահայտ «Զաուեռլանդ» ակումբում (այստեղ է պարապում նաեւ Արթուր Աբրահամը): Նրանց մարզիչն ու պրոմոութերն էլ Ուլի Վեգներն ու Վիլֆրիդ Զաուեռլանդն են, որոնք համագործակցում են նաեւ Արթուր Աբրահամի հետ:
Հովհաննեսը 13 տարի սիրողական բռնցքամարտում է, մոտ 160 մենամարտ է անցկացրել, որից 110-ում հաղթել է: Նա պատրաստվում է հրաժեշտ տալ ռինգին: Երեք եղբայրներից ամենամեծ հաջողությանը հասել է 25-ամյա Կարո Մուրադը: Պրոֆեսիոնալ ռինգում նա առայժմ անպարտելի է: 19 մենամարտերից 12-ն ավարտել է ժամկետից շուտ: Պրոֆեսիոնալների շարքում նա ընդգրկվել է 2006-ին եւ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է քաշային իր կարգում հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Իհարկե, Կարոյի երազանքն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Դրա համար քրտնաջան աշխատանք է հարկավոր: Կարո Մուրադը մտադիր է հաջորդ տարվանից սկսել աշխարհի չեմպիոնի տիտղոսի գրոհը: Իսկ առայժմ նա պետք է ձգտի այս տարվա ընթացքում եւս երկու անգամ պաշտպանել իր տիտղոսը: Առաջիկա մենամարտը նախատեսված է մայիսին: Կարո Մուրադը WBA-ի վարկանիշային աղյուսակում քաշային իր կարգում ներկայումս 2-3-րդ տեղերում է:
Կարո Մուրադն Արթուր Աբրահամի հետ մարզվում է նույն մարզադահլիճում: Նա ջերմ հարաբերությունների մեջ է նաեւ Գերմանիայում բնակվող Սյուզի Քենտիկյանի հետ, որն, ի դեպ, երեկ ուշ երեկոյան պետք է ռինգ դուրս գարՙ պաշտպանելու իր տիտղոսները: Կարոն աջլիկ է, տիրապետում է հուժկու հարվածների: Ըստ նրա, իրեն հարկ կլինի հղկել պաշտպանության տեխնիկան: Ներկայիս բռնցքամարտիկներից Կարոն բարձր է դասում առաջին հերթին Արթուր Աբրահամին:
26-ամյա Կոկոն եւս ձգտում է նմանվել իր կրտսեր եղբորը եւ հասնել նվաճումների: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում 11 մենամարտ է անցկացրել: Կոկոն հանդես է գալիս մինչեւ 69,8 կգ քաշային կարգում: 1995-ից ի վեր Մուրադյան եղբայրներն առաջին անգամ են Հայաստան այցելումՙ տեսակցելու Էջմիածնում բնակվող իրենց հարազատներին: Կարո Մուրադը խոստացավ, որ հաջորդ անգամ Հայաստան կժամանի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի հերթական հաջող պաշտպանությունից հետոՙ իր հետ բերելով չեմպիոնական գոտին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ