«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Ստամբուլում վերջնագիծը հատեց շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության առաջին մրցաշարը: Ուրախությամբ տեղեկացնենք, որ մրցաշարում գերազանց խաղաց Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը: Ավարտական տուրում հաղթելով առաջատարներից մեկինՙ չին շախմատիստուհի Չժաո Սյուեին, վաստակեց 8 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով աշխարհի փոխչեմպիոնուհի Հոու Յիֆանին, գրավեց մրցանակային 2-րդ տեղը: Էլինա Դանիելյանն անցկացրած 11 պարտիաներից 6-ում հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի եւ միայն մեկ պարտություն կրեց մրցաշարի հաղթող, հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուից: Փաստորեն, հենց այդ պարտությունն էլ ճակատագրական եղավ Դանիելյանի համար, այլապես նա կարող էր գրավել առաջին տեղը: Նշենք, որ մրցաշարի ընթացքում Դանիելյանին հաջողվեց առավելության հասնել աշխարհի նախկին չեմպիոնուհիներ Մայա Չիբուրդանիձեի եւ Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ: Բացի այդ, Դանիելյանը 2-րդ անգամ լրացրեց տղամարդկանց գրոսմայստերի նորման (նա պահանջվածից կես միավոր ավելի վաստակեց): Հարկ է նկատել, որ Էլինան իր վարկանիշով (2496) մրցաշարի մասնակիցների մեջ 8-րդ տեղն էր զբաղեցնում, սակայն կարողացավ գրավել 2-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող դարձավ մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն (2621) ունեցող Համպի Կոներուն: Ավարտական տուրում նա սեւերով հաղթեց Մարի Սեբագին: Հոու Յիֆանը 8 միավորով գրավեց 3-րդ տեղը: Նա վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Շեն Յանի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Մամեդյարովն ու Իլդիզը: Ֆիեռոն հաղթեց Չիբուրդանիձեին, Կրամլինգը պարտության մատնեց Ստեֆանովային: 7,5 միավորով 4-րդ տեղը զբաղեցրեց Չժաո Սյուեն: Հաջորդ տեղերում են Մարի Սեբագըՙ 6 միավոր, Մարթա Ֆիեռոն ու Պիա Կրամլինգըՙ 5,5-ական, Անտոանետա Ստեֆանովան ու Մայա Չիբուրդանիձենՙ 5-ական, Զեյնաբ Մամեդյարովն ու Շեն Յանըՙ 2,5-ական, Բեթյուլ Իլդիզըՙ 2:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4