ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհուրդն իր հերթական նիստում հաստատել է Շուշիի վարչակազմին, քաղաքացիական ծառայությանն ու հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին ԼՂՀ պետբյուջեից «Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ» խմբի շրջանակներում հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
Նշվել է, որ այս կառույցներում պետական միջոցները հիմնականում օգտագործվել են օրենսդրությանը համապատասխան, թեպետ որոշ խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվել են: Եթե առաջին երկու կառույցների ղեկավարները առարկություններ չեն ունեցել, ապա ՀԾՏՄԿՊՀ նախագահ Վաչե Ադամյանը վերահսկողության արդյունքների առթիվ առարկություններ ներկայացրել է: Մասնավորապես, Վերահսկիչ պալատն արձանագրել էր, որ օրենսդրությանը համապատասխան չի եղել հիշյալ հանձնաժողովի անդամների ու աշխատակիցների ինքնախրախուսումը պարգեւավճարների ձեւով: ՀԾՏՄԿՊՀ նախագահը, սակայն, հակադարձել է, որ հանձնաժողովն ինքնուրույն է կազմում նախահաշիվը, եւ ըստ էության` ոչ թե կատարված աշխատանքին լավ կամ վատ գնահատական է տրվել, այլ պարգեւավճարներ են տրվել նախատեսվածից քիչ աշխատողների ընդգրկմամբ ծրագրի իրականացման արդյունքում, խնայողության հաշվին: Վ. Ադամյանի խոսքով, նույն կերպ են վարվում նաեւ Հայաստանի Հանրապետության համապատասխան հանձնաժողովները:
Նախադեպը հիմք չէ, պետք է ելնել միայն օրենքի պահանջից, պնդել են ՎՊ խորհրդի անդամները: Խորհրդի անդամ Մայոր Դանիելյանի այն հարցին, թե ծրագիրը չկատարելու դեպքում` արդյոք տույժ նախատեսվո՞ւմ է, Վաչե Ադամյանը բացասական պատասխան է տվել:
Ստուգումները ՀԾՏՄԿՊՀ-ում նաեւ ցույց են տվել, որ հանձնաժողովը գույքի որոշ տեսակներ, մասնավորապես, բազկաթոռ եւ բջջային հեռախոս, ձեռք է բերել սահմանվածից շատ ավելի բարձր գներով: Ի պարզաբանում Վ. Ադամյանն ասել է, որ պարբերական մրցույթի ցուցակում այդ ապրանքներն ընդգրկված չեն եղել, իսկ գնումները կատարվել են դարձյալ խնայված միջոցներով: Արձանագրությունները ճիշտ են, մեկնաբանությունները` ոչ, շեշտել է նա:
Նշված եւ մյուս առարկությունները Վերահսկիչ պալատի խորհուրդը չի ընդունել: ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանն անթույլատրելի է համարել առհասարակ պետական միջոցների անարդյունավետ օգտագործումը:
Խորհուրդը միաժամանակ քննության է առել 2008-ի մարտի 22-ին ուժեղ քամու հետեւանքով բնակշենքերին, տներին ու հասարակական օբյեկտներին հասցված վնասների վերաբերյալ, ինչպես նաեւ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ում Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողությունների արդյունքներով ձեռնարկված միջոցառումների մասին հարցը: ՎՊ նախագահի տեղակալ Էրիկ Ավանեսյանի տեղեկատվությամբ, բնական աղետի հետեւանքները վերացնելու աշխատանքներն իրականացրել են 16 շինարարական կազմակերպություններ: Ստուգման արդյունքներով` շուրջ 91 միլիոն դրամ հավելագրում է արձանագրվել: Փաստն ընդունելով, 13 կազմակերպություններ վերականգնել են իրենց կողմից պետությանը պատճառած վնասը, իսկ ահա 3 շինկազմակերպություններ, որոնց կատարած հավելագրումը կազմում է ավելի քան 19 միլիոն դրամ, հրաժարվել են վնասի փոխհատուցումից:
Վերահսկիչ պալատի խորհուրդը որոշեց այդ առթիվ դիմել ԼՂՀ դատախազություն` իրավական գնահատական տալու համար:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ