Այս հասկացությունները կսկսեն գործել հարկային համակարգում այս տարվա ընթացքում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների, հարկային միջնորդների ինստիտուտի ստեղծման եւ հարկային ու մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման նոր մեխանիզմների հայեցակարգերը երեկ լրագրողներին ներկայացրին պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ահարոն Չիլինգարյանն ու հարկային եւ մաքսային ռազմավարության վարչության պետ Արման Զարգարյանը :
Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների անցկացումը նպատակ ունի Հայաստանում գործող մոտ 100 հազար սուբյեկտներից առանձնացնելու այն ընկերություններին, որոնց գործունեությունը կասկածի տեղիք է տալիս: Ըստ Ահարոն Չիլինգարյանի, կլինեն 30-ից ավելի չափանիշներ, որոնցով կպարզվեն ռիսկային գործունեություն ունեցող ընկերությունները: Մյուս ընկերությունների համար կլինեն պատահական ընտրանքով ստուգումներ, իսկ փոքր բիզնեսի համար կլինի ստուգումների ավելի հանգիստ մեխանիզմ:
Այն ընկերությունները, որոնք ռիսկային ստուգման ժամանակ կասկածների տեղիք կտան, կառանձնացվեն «դեղին գծով»: Երբ պարզվի, որ դրանք իսկապես հարկերից խուսափելու լուրջ խնդիրներն ունեն, կտեղափոխվեն «կարմիր դաշտ»: Ռիսկային ընտրանքը կիրականացնի վերլուծաբանների խումբը: Սակայն այնպես չի լինի, որ ընկերությունները մշտապես մնան ռիսկային դաշտում, կամ ընդհակառակըՙ դրանից դուրս: Ռիսկային չափանիշները բազմաթիվ են եւ փոփոխականՙ ըստ տնտեսական իրավիճակի: Ոչ հաճախ, քան տարին 1 անգամ դրանք կարող են փոփոխվել:
Պետեկամուտների կոմիտեի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման դեպքում հարկային մեխանիզմները տնտեսվարողներին հասցնելու առումով միջնորդների դեր կարող են խաղալ խորհրդատվական, աուդիտորական եւ իրավաբանական ընկերությունները: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի կարծիքով, դրանք կարող են հետադարձ կապ ապահովել կոմիտեի եւ հարկ վճարողների միջեւ: Հարկային միջնորդի դեր կարող են խաղալ նաեւ բանկերը:
Հարկային եւ մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանումների տրամադրման նոր մեխանիզմների հայեցակարգը ներկայացնելով, Արման Զարգարյանն ասաց, որ նախատեսվում է խմբավորել հարկ վճարողներից բոլոր տեսակիՙ բանավոր, գրավոր եւ էլեկտրոնային եղանակով ստացված հարցերը եւ դրանց ամբողջական պատասխանները հրապարակել «հարց-պատասխան» շտեմարանի մեջ: Այն հասանելի կլինի հարկ վճարողի համար: Այդ տեղեկատվությունը հարկ վճարողների համար անվճար է լինելու: Եթե հարց բարձրացնողը դեմ չի լինի, դրա պարզաբանումը կհրապարակվի եւ մատչելի կլինի բոլորի համար:
Ահարոն Չիլինգարյանը հույս ունի, որ վերոնշյալ հայեցակարգերը մինչեւ ապրիլի կեսերը կներկայացվեն կառավարություն: Դրանք անհրաժեշտություն կառաջացնեն օրենսդրական փոփոխություններ կատարելու, հետեւաբար հավանական է, որ կյանքի կկոչվեն սեպտեմբեր-հոկտեմբերին: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը տեղեկացրեց նաեւ, որ խոշոր հարկ վճարողների վարչություն է ստեղծվելՙ միավորելով 4 նախկին ստորաբաժանումներ: Ներկայումս խոշոր հարկատուներ են համարվում 325 ընկերություններ: