ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջապես մեր քաղաքականների կրծքից կախված ծանր քարն ընկավ, մի մրցակցի` «Ժառանգությանը» շարքից հանեցին հենց ամենասկզբում, իսկ, նկատենք, դրա համար ջանում էին բոլորը` ընդդիմություն, իշխանություն, լրատվամիջոցներ: Բայց սա մակերեսն է, իրականում կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում մերկացնել իրենց ողջ զինանոցը` գաղտնազերծվել փաստորեն, քանի որ այլեւս թաքցնելու բան չկա` կոալիցիան միակ, անկրկնելի, աննման ընդդիմության հետ է կռիվ անելու ու ճակատ-ճակատ տալու, մինչդեռ «Ժառանգության» մասնակցությունը փաստորեն կարող էր երկու կողմին էլ օգնել` թաքցնելու ուղղագիծ հակաքարոզչությունը եւ մի փոքր խուճուճ քարոզչություն տանելու: Իսկ «Ժառանգությանը» տրվելիք ձայները, եթե վերջինս միայնակ գնար, կողմերից յուրաքանչյուրը շատ մեծ սպառնալիք չէր համարում, փոխարենը կարելի էր քաղաքակիրթ քարոզչություն գոնե ձեւացնել` եվրոպական դիտարկման ակնդետ հայացքի ներքո: Սակայն հիմա այլեւս այդպես չի կարող լինել, քանի որ դեմ-դիմաց հայտնվելու փաստը ուղղորդում է դեպի կոշտ դիմակայություն: Փաստորեն «Ժառանգությունը» երկուստեք վրեժ լուծեց. իր դեմ տակից բզբզող կոնգրեսական ընդդիմությունից` դե գնացեք ու մենակ ճակատներդ պատին տվեք, տեղերի համար էլ իրա՛ր հետ ու իրա՛ր մեջ կռվեք. եւ իշխանությունից, որն ակամա եւ հարկադրված քշվեց միակ հնարավոր ու ամենավտանգավոր դիրքի վրա ու պարտադրված է վերցնել միայն մեկ` ծայրբեւեռային ընդդիմության հետ ճակատ տալու ձեռնոցը:
Հասարակությանն էլ, երեւում է, հերթական փորձությունն է սպասում` բեւեռացված քարոզչության տեսքով: Որովհետեւ, պարզվում է, մարդիկ ոչ թե ավագանու` ըստ այդմ էլ քաղաքապետի ընտրությունների են գնում, այլ, փաստորեն, մենք, Հայաստանի «բեխաբար» քաղաքացիներս, հերթական անգամ Հայաստանի նախագահին ենք ընտրում: Համենայն դեպս` ըստ լեւոնականների: Ու ստացվում է, որ ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ է, այլ ոչ ավել, ոչ պակաս` երկրի առաջին դեմքի, ու Գագիկ Բեգլարյանը կապ չունի, Տեր-Պետրոսյանի կռիվը փոքր շրջագծով ՀՀԿ-ի դեմ է, մեծ շրջագծով` կոալիցիայի եւ ողջ իշխանության: Այնպես որ, իմացեք, էս մեր արմատականները հերթական անգամ կենաց մահու կռիվ են տալու: Իսկ իրար վրա կեղտ քսելու գործընթացում, հայտնի բան է, կեղտոտվում են բոլորը: Այս տրամաբանությամբ, փաստորեն, սրանք ոչ թե քաղաքապետական ընտրություններ են, այլ երեւակիչ, ապագայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ պահանջելու ռեսուրս: Այս «միակ ու անկրկնելի, անփոխարինելի եւ անմրցակից» ընդդիմությունն այդ հավակնությունն ունի: Խեղճ Հայաստանի քաղաքացի, քաղաքապետ եւ ավագանի ընտրել էլ նրան չի հաջողվելու, էլի գլուխներս գնալու է` էլ հանրահավաք ու երթ, էլ ավազակ ու ավազակապետություն, էլ «Լեւոն-նախագահ», ու վերջում մոռանալու ենք, որ քաղաքապետ է ընտրվելու վերջին հաշվով:
Ակամա մարդ, իմա` ՀՀ պարզ քաղաքացին, սկսում է խղճալ ինքն իրեն, որ էս վերջին տասնհինգ տարին պերմանենտ ընտրությունների մեջ է. սկզբում ընտրություններ, հետո մի երկու տարի հանրահավաք ու երթ, թե կեղծել են, հայ, հարայ, հասեք, ոչ լեգիտիմներին հեռացնենք ու մենք` լեգիտիմներս գանք, ու այդպես` շուրջ տասնհինգ տարի: Մարդ այդպես էլ չկարողացավ անցնել հետընտրական բնականոն կյանքի: Սա վերածվում է արդեն ազգային հիվանդության:
Վերադառնալով քաղաքապետի` մեր ժամանակի մեջ առաջին, թող որ ոչ ուղղակի ընտրություններին, նկատենք, այնուամենայնիվ, որ կոնգրեսականների խարդավանքները «Ժառանգության» հանդեպ ու իրենց անկրկնելի առաջնորդի առաջադրումը այդպես էլ ծանրաշարժ կոալիցիային թույլ չտվեցին վերագնահատել նոր ստեղծված իրավիճակը: Քառաթեւ այս գոյացությունը գլխի չընկավ ու արագ չկողմնորոշվեց` միավորված ու միասնական ցուցակով գնալու այս ընտրությունների, քանզի, տեսանելի է, ընդդիմությունը դրանք վերածելու է համարյա նախագահական ընտրությունների: Իսկ կոալիցիոներները այդպես էլ մնացին վերջին իրադրությունից մի քայլ հետ իրավիճակում, որովհետեւ բոլորն են ուզում խմբակցություն ունենալ քաղաքային ավագանում, բոլորն են ուզում իրենց թաղն ու թաղապետն ունենալ, քաղաքային եկամտաբեր պաշտոնները բաժանել: Բայց նախ դրանք պետք է ձեռք բերել, իսկ այդ ձեռքբերմանը լուրջ վտանգներ են դարանակալել երկու անսպասելի քայլի պատճառով` Տեր-Պետրոսյանի առաջադրման ու «Ժառանգության» չառաջադրման: «Ժառանգության» աննախադեպ քայլով այդ «ազնիվ» երազանքները խառնվում ու առավել անհստակ են պատկերանում. նախ` ՀՀԿ-ի թեկնածուն` նրա ցուցակը գլխավորողը այս նոր խաղի կանոններով չի կարող անսասանորեն համարվել նաեւ կոալիցիոն գործընկերների միակ թիրախ-նպատակը, քանի որ «կառուցողական» կամ ավելի ճիշտ` չափավոր ընդդիմության տեղը բաց է մնում, եւ դա հաստատ ոչ թե Կարապետիչի կուսակցությունն է լցնելու կամ ոչ մեկին ոչ մի բան չասող աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, այլ գուցե ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Հատկապես վերջինը այդպիսի ձեռագիր արդեն իսկ ցույց տվել է խորհրդարանական ընտրություններին: Եվ չմոռանանք` ԲՀԿ-ն իր սոցիալական կարգախոսներով կարող է անսպասելի պատկերի բերել ընտրությունների տոկոսային քարտեզը: Այս կուսակցությունում արդեն քարոզչական նոու-հաուներ են կիրառում. օրինակ` իմ էլեկտրոնային հասցեին (եւ ուրիշ հասցեներով եւս) ԲՀԿ-ն նամակ է ուղարկել, որով ինձ` ՀՀ հասարակ քաղաքացուս կոչ է անում քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցը դառնալ, եւ տեղեկացնում է, որ քաղաքացիներին անհատապես իրազեկելու համար ինչ-որ նոր խումբ է ստեղծվել ԲՀԿ-ում: Նամակը հրավիրում է քաղաքացուս գրանցվել այդ խմբի էլեկտրոնային փոստում եւ իրազեկվել. ասել է , թե անհատապես աշխատում են քաղաքացու հետ: Այնպես որ` ԲՀԿ-ն հաստատ տանելու է իր բաժինը: Այդպիսով` ձայները մանրատվելու են այդ կերպ, եւ ՀՀԿ-ն հատկապես չի ունենա այն մեծ տոկոսը, որ ակնկալվում էր, երբ նախապես գծված սխեմաներով կառուցվում էր ապագա ընտրապայքարը: Մյուս խնդիրն էլ այն է, որ սովորական ընտրողների մի զգալի մասը հիասթափված է լինելու կոնգրեսի ու «Ժառանգության» պահվածքից եւ չի գնալու ընտրությունների: Ու ստացվելու է, որ ե՛ւ կոալիցիայի կուսակցությունները, ե՛ւ կոնգրեսը իրենց սպասածից ավելի քիչ ձայն են հավաքելու, քաղաքային ավագանու մեջ կոալիցիա է ստեղծվելու, «բազարները» թույլ չեն տալու ուժեղ քաղաքային իշխանություն եւ քաղաքապետ ունենալ, անկախ քաղաքապետի անձից:
Առայժմ թիմերը հազար ու մի տեխնիկական հարցերում են կողմնորոշվում, երեկ հայտնի էր միայն ՀՀԿ շտաբի պետի անունը, Հարություն Փամբուկյանն է, այսօր-վաղը կսկսեն ուրվագծվել գործելակերպ եւ քարոզչական հնարքներ...
Հ.Գ. - Հիշեցնելով 6 կուսակցության եւ 1 դաշինքի` ԿԸՀ ներկայացրած ցուցակներում ընդգրկվածների թիվը (ՀՀԿ` 180, ՀԱԿ` 167, ԲՀԿ`122, ՕԵԿ` 74 ՀՅԴ` 51, ՀԱՍԿ` 29, ԺԿ` 20), նկատենք, որ 645 մարդ պայքարելու է ավագանու 65 տեղի համար` 10:1 հարաբերակցություն է, բարձր կոնկուրս է, չէ՞: