Հետեւելով վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացին եւ դրանում մեծ տերությունների «շահագրգռվածությանը», բնական հարց է ծագում, թե ինչքանով են, այսպես կոչված, միջնորդ կամ երրորդ կողմ կոչվողները «չեզոք» եւ արդյոք նրանք այս «ծանր» բեռը իրենց ուսերին են վերցրել զուտ հումանիտար սկզբունքներից ելնելով, թե՞ այստեղ հստակորեն երեւում են նրանց քաղաքական ու տնտեսական շահերը, որոնք նրանց ստիպում են ակտիվացնել իրենց գործունեությունը մեր տարածաշրջանում: Այս հարցի պատասխանը ստանալու համար բավական է հեռահար հայացք նետել հայ ժողովրդի պատմությանը եւ հատկապես հայկական հարցի միջազգայնացման գործընթացին, երբ այն հայտնվեց տերությունների ուշադրության կենտրոնում, ինչից հայկական հարցը միայն տուժեց, եւ հասկանալի է դառնում, թե ինչն է տերությունների շահագրգռվածությունը:
132 տարի առաջ Բալկանյան թերակղզում սկիզբ առած եւ Սան Ստեֆանոյի հայտնի պայմանագրով ավարտված ռուս-թուրքական պատերազմը, կարելի է ասել, վճռական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության հետագա զարգացման ողջ գործընթացի վրա: Այդ իրադարձությունները հետագայում շատ պատմաբաններ կանվանեն հայ ժողովրդի հույսերի եւ հիասթափությունների ժամանակաշրջան: Եթե Սան Ստեֆանոյի պայմանագիրը հույսեր էր ծնում, թե բազմաչարչար հայկական հարցը վերջապես իր լուծումը կստանա, ապա հայտնի Բեռլինի կոնգրեսը եկավ փաստելու, որ համաշխարհային քաղաքականության մեջ գոյություն չունի արդարություն հասկացությունը, այնտեղ իշխում է միայն սեփական շահի սառը հաշվարկը:
Արեւելյան հարցի շուրջը սկսված դիվանագիտական պայքարը եւ Բալկանյան թերակղզում թափ հավաքող ազգային ազատագրական շարժումները 1877-ին հանգեցրին ռուս-թուրքական հերթական բախմանը: Պատերազմը ավարտվեց 1878-ին մարտի 3-ին, Մարմարա ծովի ափին գտնվող Սան Ստեֆանո առողջարանային քաղաքում Ցարական Ռուսաստանը եւ Օսմանյան կայսրությունը կնքեցին խաղաղության պայմանագիր, որով դադարեցվեց 10 ամիս տեւած ռուս-թուրքական պատերազմը: Պատերազմը, ինչպես հայտնի է, ավարտվեց թուրքական բանակի լիակատար ջախջախումով թե՛ բալկանյան եւ թե՛ կովկասյան ճակատներում: 1878-ի հունվարի 31-ին կնքվեց զինադադարի պայմանագիրը: Զինադադարի ակտի ստորագրումից հետո մինչեւ մարտի 3-ը` Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումը, Անգլիայի եւ Ավստրո-Հունգարիայի մասնակցությամբ սկսվեց դիվանագիտական սուր պայքար Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որին ակտիվորեն մասնակցում էին եվրոպական մյուս տերությունները` Ֆրանսիան եւ Գերմանիան: Նրանց սկսած այս դիվանագիտական պայքարի նպատակն էր հնարավորինս նսեմացնել ռուսական զենքի հաղթանակըՙ թույլ չտալու Բալկանյան թերակղզում նոր անկախ պետությունների հաստատումը եւ Արեւմտյան Հայաստանի տարածքների անցումը Ռուսաստանին: Իրենց նպատակին հասնելու համար Լոնդոնը եւ Վիեննան գործադրում էին քաղաքական ճնշում եւ դիմում էին ռազմական շանտաժիՙ թույլ չտալու ռուս-թուրքական համաձայնագրի կնքումն առանց իրենց մասնակցության: Ոգեւորված ռուսական զենքի հաղթանակից ակտիվացել էին նաեւ Կոստանդնուպոլսի հայկական ազգային խորհրդի անդամները: Կ.Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը հասկանալով, որ եկել է հայկական հարցը միջազգային դիվանագիտության օրակարգ մտցնելու ժամանակը, ակտիվացնում է իր գործունեությունը: Վերջինիս բանագնացները ժամանում են Ադրիանապոլիս` ռուսական բանակի շտաբ եւ հանդիպում բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, որոնք զբաղվում էին զինադադարի պայմանագրով: Մարտի 3-ին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի 19-րդ հոդվածի համաձայնՙ Ռուսաստանին էին անցնում հայկական Կարս, Բայազետ, Ալաշկերտ քաղաքները իրենց շրջաններով: Էրզրումը 6 ամսով պետք է մնար ռուսական զորքերի վերահսկողության տակ: Իսկ հայտնի 16-րդ հոդվածում ասվում էր, որ «ռուսական զորքերի զբաղեցրած Հայաստանի տարածքներում, որոնք պետք է վերադարձվեն Թուրքիային, կարող են ծագել խժդժություններ եւ բախումներ, հետեւաբար Բարձր դուռը պարտավորվում է անմիջապես բարեփոխումներ անցկացնել եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզների եւ քրդերի հարձակումներից»: Առաջին հայացքից բավականին անորոշ ու կոնկրետությունից զուրկ այս ձեւակերպումը, իրականում մեծ իմաստ էր պարունակում, քանի որ ապահովում էր ռուսական տիրապետությունը ոչ միայն ազատագրված տարածքներում, այլեւ Թուրքիային վերադարձվելիք հայկական հողերում: Պարզ էր, որ Բ. դուռը չէր կարող անմիջապես ձեռնամուխ լինել բարեփոխումներին, հետեւաբար ռուսական զորքերը կմնային Էրզրումի նահանգում ոչ թե 6 ամիս, այլ ավելի երկար ժամանակով: Բացի սրանից, պայմանագիրը հնարավորություն էր տալիս հայկական հարցի անվան տակ խառնվելու Օսմանյան կայսրության ներքին գործերին: Չնայած Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը նման տեսքով չէր արտահայտում հայկական սպասումները, սակայն, ինչպես ասում էր պայմանագրի հեղինակներից Իգնատեւը. «Կարեւորն այն է, որ Օսմանյան կայսրության գոյության ողջ շրջանում առաջին անգամ հայերի մասին խոսվում է միջազգային պայմանագրում»: Այսինքնՙ 131 տարի առաջ հենց մարտ ամսին Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության բառապաշարում առաջին անգամ հայտնվեցին Հայաստան եւ հայկական հարց բառակապակցությունները:
Այդ շրջանում պոլսահայության եւ ընդհանրապես հայ մտավորականության մեջ կար այն կարծիքը, որ հայկական խնդրի միջազգայնացումը եւ «քրիստոնյա» ու «քաղաքակիրթ» տերությունների ուշադրությունը հայերի նկատմամբ կթեթեւացնեն թուրքական դաժան լծի տակ գտնվող հայության վիճակը: Սակայն Սան Ստեֆանոյից մինչեւ Բեռլինի կոնգրես ընկած ժամանակահատվածը եւ տերությունների միջեւ սկսված դիվանագիտական պայքարը ցույց տվեցին, որ հայկական հարցը եւ մի ամբողջ ժողովրդի ճակատագիրն ընդամենը առիթ էր տերությունների համար մեռնող թուրքական կայսրությունից նորանոր հողային զավթումներ կատարելու համար: Միջազգայնացված հայկական հարցն այդպես էլ չստացավ իր լուծումը, իսկ պարբերաբար կոտորածների ենթարկվող հայ ժողովուրդըՙ եվրոպական տերությունների պաշտպանությունն ու աջակցությունը, ինչը նախանշված էր, թե՛ Սան Ստեֆանոյի եւ թե՛ Բեռլինի պայմանագրերով:
Պատմական այս ակնարկի նպատակն է եւս մեկ անգամ հիշեցնել, որ հայկական հարցը չպետք է հայտնվի միջազգային տերությունների պայքարի կիզակետում, առավել եւս հիմա, երբ գոյություն ունի անկախ Հայաստանը, եւ անցած պատմական ուղին, իր սխալներով, հաղթանակններով եւ պարտություններով, մեկ անգամ եւս փաստում է, որ միայն միավորված, ազգային գիտակցությամբ զինված ժողովուրդը կարող է հարց լուծել, իսկ իրենց տերություն համարող երկրները ստիպված կլինեն միայն համակերպվել այն որոշումների հետ, ինչը կընդունի այդ ժողովուրդը, օրինակը ղարաբաղյան հաղթանակն է: Սա է հավանաբար պատճառը, որ այսօր Հայաստանի ներսում միջազգային կազմակերպություններից սնվող կառույցները նույնիսկ ներքաղաքական խնդիրների լուծումը փորձում են տեղափոխել միջազգային ատյաններ, ինչը մեր երկրին հավերժ կախվածության մեջ է դնում դրսի ուժերից եւ զրկում սեփական միջոցներով առկա խնդիրները լուծելու տարրական հնարավորությունից:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ