Դեմոկրատի մտահոգությունները` քաղաքապետի ընտրությունների առնչությամբ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը սովորություն չունի քննարկելու այլ կուսակցությունների, քաղաքական ուժերի գործունեությունը: Հետեւաբար չի պատրաստվում մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության ՀԱԿ-ին չմիանալու եւ քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու որոշումը: Արամ Սարգսյանն ավելի նախընտրելի համարեց պարզաբանել, թե ինչու իր գլխավորած Դեմկուսը չի մասնակցում ընտրություններին: «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ դեմոկրատը նշեց, որ իրենք ուսումնասիրել են Երեւան քաղաքի օրենքի նախագիծը, նկատել բազմաթիվ անճշտություններ: «Որքան էլ ասում են, թե արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունների կարծիքները հաշվի են առնում, ավանդույթը շարունակվում է եւ մեր ներկայացրած որեւէ առաջարկ չի քննարկվել: Այդ անկատար օրենքի պայմաններում ճիշտ քայլ համարեցինք ընդհանրապես չմասնակցել ընտրություններին»:
Դեմոկրատը մասնավորապես թերացումներ է նկատում ընտրական համակարգում: Գրավների առկայությունն ավելի է դժվարացնում ընտրությունների ընթացքը: Առանցքային խնդիր է նաեւ թափանցիկության հարցը: Քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու հաջորդ պատճառն այն է, որ ընտրությունները քաղաքականացված են եւ դեմոկրատները չեն ցանկանում ավելի սրել մթնոլորտը: Արամ Սարգսյանը նկատում է, որ այսօր Երեւանին անհրաժեշտ է այնպիսի ղեկավար, որը կկարողանա շտկել նախորդի սխալները:
«Երեւանը կորցրել է իր դեմքը: Կան լանդշաֆտային բազում խնդիրներ, էկոլոգիական պրոբլեմներ, որոնք լուծված չեն: Ընդհակառակը` այդ խնդիրներն օրեցօր ավելի են խորանում. Երեւանը անապատացվում է»: Ա. Սարգսյանը նկատում է, որ իշխանությունն ու ընդդիմությունն ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակը: «Ընդդիմությունը հեղափոխական կոչերով եկավ քաղաքական ասպարեզ, սակայն մեկ տարի անց` նույն մարտի 1-ին հայտարարեցին, որ իրենց բառապաշարից պետք է իսպառ բացակայեն «հեղաշրջում», «հեղափոխություն» բառերը: Զարմանում եմ. կան մարդիկ, որ դեռեւս հավատում են այդ մարդուն: Նա ամիսը մեկ կարող է իր տեսակետները փոխել, այլ դիրքորոշմամբ հանդես գալ եւ սադրել ժողովրդին», նկատում է Սարգսյանը: Վերջինս նաեւ կասկածանքով է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ առաջին նախագահը պատրաստվում է քաղաքապետ աշխատել: Դեմոկրատը չի բացառում մարտի 1-ի հնարավոր կրկնությունն արդեն հունիսի 1-ին: «Հայտարարեցին, որ միայն իրենց հաղթանակն են ընդունելու: Հետեւաբար, եթե Տեր-Պետրոսյանը չընտրվի, ապա ամեն ինչ կեղծված է եւ բացառված չէ, որ հունիսի 1-ին սկսվի այն գործընթացը, որ եղավ մարտի 1-ին: Տեսնում եմ սադրիչ գործողությունների նախաբանը: Սակայն չեմ կարծում, որ նրա հակասական ելույթներից հետո ժողովուրդը կցանկանա նրան ընտրել: Կարծում եմ` նրա էլեկտորատը կկազմի այնքան, որքան հավաքվել էին այս տարվա մարտի 1-ին կայացած հանրահավաքին», ասաց ՀԴԿ նախագահը:
Ա. Սարգսյանը չի բացառում, որ Դեմկուսն ընդհանրապես չի մասնակցի քվեարկությանը: Ներկայացված թեկնածուների շարքում Սարգսյանը ֆավորիտ չունի: Դեմոկրատը կարեւոր նշանակություն է տալիս ծրագրերին եւ սպասում դրանց ներկայացմանը:
Ճգնաժամի հաղթահարման դեմոկրատական մոտեցումները
ՀԴԿ ղեկավարը մասնակցել է մարտի 20-ին ՀՀ նախագահի հրավիրած քննարկմանը տնտեսական ճգնաժամի հաղթահարման կապակցությամբ: Արամ Սարգսյանը կարեւորում է հանդիպումները, որովհետեւ հնարավորություն է ընձեռվում նախագահին ու վարչապետին ներկայացնելու իրենց գաղափարները: Դեմոկրատը նկատում է, որ աշխարհում կատարվող փոփոխությունները հաշվի առնելով` անհրաժեշտ է գիտակցել, որ 30 տարվա կենսագրություն ունեցող համակարգն արդեն վախճանվել է: «Աշխարհի լավագույն տնտեսագետները, մասնագետները հանգում են այն եզրակացության, որ ֆորմացիայի փոփոխության շեմին ենք: Պետք է ընկալել, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ են ընթանալու եւ ինչպիսին են հետեւանքները»: Սարգսյանը նկատում է, որ այդ համատեքստում միջազգային ասպարեզում նոր հարաբերություններ ու միություններ կձեւավորվեն: Դեմոկրատին հատկապես մտահոգում է, թե տնտեսական ինչպիսի կարգ է հաստատվելու: Նրա հաշվարկներով` Հայաստանում ստվերային կապիտալը կազմում է 70 տոկոս: «Ի՞նչ պետք է ձեռնարկել» արդեն ավանդական դարձած հարցի պատասխանը դեմոկրատն այսպես է ձեւակերպում. «Եթե կառավարությունը դիմի ռեպրեսիվ մեթոդների, ապա կխթանենք կոռուպցիան: Անհրաժեշտ է ճիշտ ձեւաչափ գտնել: Պետք է տրաստֆոնդ ստեղծել եւ պարտադրել օլիգարխներին, որ տարիներ շարունակ մեր հաշվին գերշահույթ են ստացել, ազատ կապիտալի 40-50 տոկոսը ներդնել տրաստֆոնդում: Կառավարությունը պետք է պահպանի այդ կապիտալն ու աջակցի այն ձեռնարկություններին, որոնք կստեղծեն նոր ձեռնարկատեղեր, որոնց արտադրանքը մրցունակ է արտաքին շուկայում»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ