«Դավիթ Հակոբյանի ամբողջ վիրավորվածությունը բխում էր նրանից, որ նա պաշտոնական հայտարարությամբ հավակնություն էր ցուցաբերել զբաղեցնելու ՀԱԿ ցուցակի երրորդ տեղը: Մնացածը դուք կարող եք գնահատել: Ես միայն կարող եմ ավելացնել հետեւյալը, որ մարտի 15-ին կոնգրեսի քաղխորհուրդը լիազորել էր կոնգրեսի կենտրոնական գրասենյակին կազմել ավագանու թեկնածուների ցուցակը, եւ դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները իրենց գրավոր համաձայնությունն են տվել ցուցակին: Բոլորն անխտիր: Մնացածը դուք կարող եք եզրակացնել եւ մեկնաբանություններ կատարել», ասում է Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը : Վերջինս երեկ «Հայացք» ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ մարքսիստ Դավիթ Հակոբյանը Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու որեւէ պաշտոնական դիմում չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ ցուցակի վերաբերյալ ՀԱԿ անդամ, ցուցակի 22-րդ հորիզոնականը զբաղեցնող մարքսիստ Դավիթ Հակոբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որ ցուցակը կազմվել է առանց կոնգրեսի կուսակցությունների գիտության:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» դիրքորոշմանը, որ չի մասնակցելու քաղաքապետի ընտրություններին, ապա, Մուսինյանի խոսքերով, իրենք ափսոսում են, որ ոչ միայն չի ստացվել ՀԱԿ-«Ժառանգություն» միասնությունը, այլեւ որ «Ժառանգությունն» ընդհանրապես որոշել է չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Ըստ Մուսինյանի, իրենք ըմբռնումով են մոտենում գործընկերոջ որոշմանը: Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ը «Ժառանգությանը» կանգնեցրել է փակուղու առաջ, որի պատճառով էլ միասնությունը չի ստացվել:
Մուսինյանը չբացառեց նաեւ ՀԱԿ եւ «Ժառանգության» գործակցությունը նախընտրական շրջանում:
Հայ ազգային կոնգրեսը խոստանում է Երեւանի քաղաքապետի ընտրությանը իրականացնել «դինամիկ եւ էներգիայով լեցուն քարոզարշավ», լինելու են հանրահավաքներ եւ երթեր:
ՀԱԿ-ի խոսնակը հայտնեց, որ առաջիկա օրերին Կոնգրեսը քննարկելու է քարոզարշավին, նախընտրական շտաբների պետերի նշանակմանը, կարգախոսին վերաբերող հարցեր: Մուսինյանի խոսքերով, ավագանու մայիսի 31-ի ընտրությունները լինելու են քաղաքական, այլ ոչ թե կենցաղային բնույթի: Ա. Մուսինյանը կրկնեց նախորդ ասուլիսում հնչեցրած իր այն միտքը, թե ընտրվելու դեպքում Հայաստանի առաջին նախագահը աշխատելու է քաղաքապետի պաշտոնում. «Նա կաշխատի այնքան ժամանակ, որքան կպահանջվի երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»:
Ն. Մ.