«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2009-03-21 | #51, 2009-03-24 | #52, 2009-03-25


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՄՐՑԱԽԱՂԵՐԻՆ

Ռոման Բերեզովսկին հավաքական չի հրավիրվել

Մարտի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2010-ի ընտրական մրցաշարի հերթական խաղում կհյուրընկալի Էստոնիայի ընտրանուն: Չորս օր անց մրցակիցներն ուժերը կչափեն Տալլինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրավիրել է 19 ֆուտբոլիստի: Հավաքականի կազմում չէ փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ինչպես տեղեկացրել ենք, Ռուսաստանում լեգեոնականների գրանցման եւ նրանց թվաքանակի նոր կարգ է սահմանվել, ըստ որի այսուհետեւ այլ երկրների հավաքականներում հանդես եկող ռուսաստանցի ֆուտբոլիստները լեգեոնական են համարվելու: Այս առնչությամբ «Խիմկիում» հանդես եկող Ռոման Բերեզովսկին հայտարարել էր, որ հնարավոր է այսուհետեւ այլեւս չխաղա ՀՀ հավաքականում: Ինչեւէ, եթե դա իրոք այդպես է, ապա պետք է շնորհակալություն հայտնել Ռոման Բերեզովսկուն երկար տարիներ հավատարմորեն Հայաստանի հավաքականին ծառայելու համար: Իսկ նրա բացակայությամբ, դարպասի պաշտպանության հիմնական ծանրությունն ընկնելու է Իրանում հանդես եկող Գեւորգ Կասպարովի վրա: Վերջինս Իրանի առաջնության ավարտից հետո մայիսին կվերադառնա Հայաստան եւ ելույթները կշարունակի «Ուլիսում»: Վնասվածքի պատճառով հավաքական չի հրավիրվել Բելառուսի ԲԱՏԷ-ում հանդես եկող Հովհաննես Գոհարյանը: Տարակուսանք է հարուցում Վահագն Մինասյանի ընդգրկումը հավաքականի կազմում, թեեւ վերջինս ներկայում ոչ մի թիմում հանդես չի գալիս, նախապատրաստական շրջան էլ չի անցել: Ճիշտ է, նա հայտավորված է «Արարատում», սակայն ինչպես հայտնի է, Մինասյանը հրաժարվել է թիմում խաղալուց:

Եվ այսպես, առաջիկա երկու խաղերին կնախապատրաստվեն հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներՙ Գեւորգ Կասպարով («Տրակտոր», Իրան), Մայիս Ազիզյան («Ուլիս»):

Պաշտպաններՙ Սարգիս Հովսեփյան, Կարեն Խաչատրյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Աղվան Մկրտչյան («Միկա»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Հրայր Մկոյան («Ուլիս»), Վահագն Մինասյան («Արարատ»):

Կիսապաշտպաններՙ Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա), Արթուր Ոսկանյան, Արտակ Դաշյան (երկուսն էլՙ «Բանանց»), Հենրիխ Մխիթարյան, Արթուր Եդիգարյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Լեւոն Փաչաջյան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա):

Հարձակվողներՙ Արա Հակոբյան («Միկա»), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Այաքս»), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա):

Մեր հավաքականը երեկվանից Երեւանում սկսել է ուսումնամարզական հավաքըՙ առաջին մարզումն անցկացնելով «Բանանցի» մարզադպրոցի խաղադաշտում: Այսօր հավաքականի ֆուտբոլիստները երկու պարապմունք կանցկացնեն: Առաջին մարզումը նախատեսված է «Փյունիկի» մարզադպրոցի մարզադաշտում, ժամը 11-ին, երկրորդըՙ ժամը 17-ին, «Նաիրիում»: Էստոնիայի հավաքականը Երեւան կժամանի խաղից երկու օր առաջ: Մարտի 26-ին, ժամը 11-ին էստոնացիներն առաջին մարզումը կանցկացնեն «Նաիրի» մարզադաշտում, ժամը 17-ին էլ այնտեղ 2-րդ պարապմունքը տեղի կունենա: Խաղի նախօրեին, ժամը 19-ին էստոնացիները վերջին պարապմունքը կանցկացնեն «Հանրապետականում»:

Հայաստան-Էստոնիա հանդիպումը սկսվելու է ժամը 20-ին: Խաղը սպասարկելու է Շվեյցարիայի մրցավարական բրիգադըՙ Սիրիլ Ցիմերմանի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրային մրցավարներ Բրունո Ցուրբրուեգը եւ Ժան Պոլ Ռեմին: 4-րդ պաշտոնյան Ժերոմ Լապերյեն է: Արդեն սկսվել է տոմսերի վաճառքը, որոնց գինը բավական բարձր է: Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 7000 դրամ, արեւելյանինըՙ 5000, իսկ հարավային եւ հյուսիսային տրիբունաներից խաղը դիտելու համար ֆուտբոլասերները պետք է 3000 դրամ վճարեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4