Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» մրցաշարի վերջին 3 տուրերում Լեւոն Արոնյանը փոփոխակի հաջողությամբ խաղաց: 6-րդ տուրում նա 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Արոնյանը հաղթեց արագ շախմատի պարտիայում: 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Արոնյանի մրցավեճն առաջատարներից մեկիՙ Վլադիմիր Կրամնիկի հետ: «Կույր» շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ արագ շախմատում հաջողությունն ուղեկցեց Կրամնիկին:
8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն էր: Լեւոնն իրեն լավ դրսեւորեց: «Կույր» շախմատում նա հաղթեց, իսկ արագ շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 8 տուրից հետո Արոնյանը 8,5 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում Մագնուս Կառլսենի հետ: Աղյուսակը 10,5 միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Արոնյանն ու Կառլսենն ունեն 10-ական միավոր:
Վերջին 3 տուրերում աշխարհի չեմպիոն Անանդը վերելքով խաղաց: 6-րդ տուրում նա երկու պարտիաներում էլ առավելության հասավ Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ, իսկ հաջորդ տուրում 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: 8-րդ տուրում կենտրոնականը Անանդի եւ Կրամնիկի մրցավեճն էր: «Կույր» շախմատի մրցավեճում Անանդը հաղթանակ տոնեց, արագ շախմատի պարտիան ավարտեց ոչ-ոքի: Կրամնիկը Կամսկու հետ մրցախաղն ավարտեց ոչ-ոքի:
«Կույր» շախմատի մրցաշարում 6,5 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է: Նրան կես միավոր է զիջում Անանդը: Վլադիմիր Կրամնիկը, Արոնյանն ու Լեկոն վաստակել են 5-ական միավոր:
Արագ շախմատի մրցաշարում աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Արոնյանը, Անանդն ու Կամսկին: 9-րդ տուրում Արոնյանը կմրցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ