ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Արձագանքելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի` BBC ռուսական ծառայությանն արած հայտարարությանը (տեսՙ «Ազգ», 25.03.09), ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ազգի» թղթակցի հետ զրույցում ասաց. «Դժվար չէ նկատել, որ Արազ Ազիմովը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշման, այսպես ասած, ներքին շերտերը, փորձում է նենգափոխել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը:
Ինքնին պարզ է, որ հարցը իրական հարթությունում քննարկելու դեպքում Ադրբեջանը չի կարող մերժել Լեռնային Ղարաբաղի արմատական հայ մեծամասնության` ազատորեն ինքնորոշվելու իրավունքը: Այստեղ հարեւան հանրապետությունը լուրջ խնդիրներ կունենա միջազգային հանրության հետ: Այսինքն, եթե Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնությունը գտնում է եւ իր փաստարկները հիմնավորում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով, որ Ադրբեջանը երբեք էլ օրինական իրավազորություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, իսկ ԽՍՀՄ փլուզմամբ դա նաեւ փաստացի իրավիճակ է ստեղծել, ինչը եւ իրացվել է միանգամայն ժողովրդավարական ընթացակարգով` հանրաքվեով, եւ որի արդյունքները ոչ ոք վիճարկման առարկա չի դարձնում, ապա Ադրբեջանը ստիպված է միջազգային միջնորդներին առնվազն բացատրել, թե ինչո՞ւ է մերժում իրավաբանորեն երբեւէ իրեն չպատկանած մի տարածքում ապրող նախաբնիկ հանրության կամքի ազատ արտահայտության փաստը եւ, որ ավելի է կարեւորվում, ինչո՞ւ է ձգտում ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով բռնաճնշել ինքնորոշված հանրության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի օրինական իրավունքները եւ նրան ենթարկել մի իրավական համակարգի, որի ձեւավորմանն այդ հանրությունը` Լեռնային Ղարաբաղի արմատական հայ մեծամասնությունը չի մասնակցել եւ հետայսու էլ նման ցանկություն չունի»:
Պատգամավորի համոզմամբ, այս տրամաբանական հարցադրումներից միջազգային միջնորդների ուշադրությունը շեղելու նպատակով է Ազիմովը շրջանառության մեջ դրել «երկու համայնքների միջեւ խաղաղություն հաստատելու նպատակի» գաղափարը:
Ըստ Ազիմովի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր գոյություն չի ունեցել: Ընդամենը «երկու համայնքների միջեւ ծագել են տարաձայնություններ, որոնք վերաճել են թշնամանքի եւ վերջնական կարգավորումը պետք է վերականգնի նրանց միջեւ համերաշխությունը»: Վահրամ Աթանեսյանը սա համարում է ակնհայտ կեղծիք: Հիմնավորելով իր այս տեսակետըՙ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը փաստում է. «Նախ, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական փոքրամասնությունը 1988 թվականին որեւէ թշնամանք չի ցուցաբերել ինքնավար մարզը Հայաստանի հետ վերամիավորելու գաղափարի հանդեպ: Ավելին, տարբեր մակարդակների խորհուրդներում ընտրված, ազգությամբ ադրբեջանցի պատգամավորները հայ գործընկերների հետ քվեարկել են հօգուտ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու առաջարկի: Ցանկության դեպքում դա կարելի է հաստատել նաեւ փաստաթղթային հիմնավորումներով: Ես, օրինակ, շատ լավ հիշում եմ, որ հարցը Մարտակերտի շրջխորհրդի նիստում քննարկելիս խորհրդի երկու` ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր` Ալեքսանդր Շեյխզամանովը, որը ԼՂԻՄ գիտափորձարարական կայանի տնօրենն էր եւ Բեյօղլան Աբիլովը` Ումուդլուի պետտնտեսության տնօրենը, կողմ են քվեարկել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցով մարզխորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին Մարտակերտի շրջխորհրդի միջնորդությունը հավաստող որոշմանը: Այլ շրջաններում նույնպես գտնվել են ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներ, որոնք հայ մեծամասնությունը ներկայացնող իրենց գործընկերների հետ կայացրել են համանման որոշում: Եվ եթե չլիներ Ադրբեջանի իշխանությունների կոպիտ միջամտությունը, հնարավորություն ընձեռվեր, որ ԼՂ ադրբեջանական փոքրամասնությունն արտահայտեր իր ազատ կամքը, ապա, կարելի է համոզված ասել` այդ մարդիկ կքվեարկեին ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմում ընդգրկելու որոշման օգտին»:
Եթե եղել է եւ կա թշնամանք, գտնում է Վահրամ Աթանեսյանը, ապա դա Ադրբեջանի պետական թշնամանքն է Լեռնային Ղարաբաղի արմատական հայ մեծամասնության նկատմամբ, որն իր բարձրակետին է հասել 1991-ի աշնանը, երբ անկախություն հռչակած ԼՂՀ-ի դեմ պաշտոնական Բաքուն սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ` ուղիղ նշանառությամբ հրթիռահրետակոծության ենթարկելով հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերը: Ու եթե Արազ Ազիմովը մտահոգ է խաղաղության հաստատման հեռանկարով, ապա պիտի փորձի լուծումներ գտնել այս հարթությունում` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հետագա հարաբերություններում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր քաղաքական պատանդ են պահվում Ադրբեջանում, ապա նրանք, պատգամավորի կարծիքով, հիմնական խնդրի` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ վիճելի հարցերի կարգավորումից հետո հնարավորություն կունենան իրենց կամքի ազատ դրսեւորմամբ ընտրություն կատարելու, թե ո՞ր երկրի քաղաքացիությունն են գերադասում եւ որտե՞ղ կուզենային մշտապես բնակվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, նրա սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները:
«Սա է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իրատեսական եւ դեպի խաղաղություն ու համակեցություն տանող ճանապարհը, եւ Արազ Ազիմովը, կրկնում եմ, եթե իրոք նախանձախնդիր է, որ ապագա սերունդներին չփոխանցվի ազգամիջյան անհանդուրժողականության ծանր բեռը, պետք է հիմնովին վերանայի իր մոտեցումները: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք փաստել, որ Ադրբեջանն ընտրել է դեպի ոչ մի տեղ չտանող, ավելի ճիշտ` դեպի հետագա առճակատում տանող ճանապարհը: Այս դեպքում «ժողովրդի վստահության քվե ստացած» իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց վրա է ծանրանում այդ նույն ժողովրդի ապագայի համար ողջ պատասխանատվության բեռը», գտնում է արցախցի խորհրդարանականը: