«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի ավարտից երկու տուր առաջ միանգամից երեք շախմատիստներ` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կառլսենն ու Վիշվանաթան Անանդը 11,5 միավորով գլխավորում են աղյուսակը:

9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչն էր: «Կույր» շախմատի պարտիայում Արոնյանը սեւերով հաշտություն կնքեց մրցակցի հետ: Իսկ ահա արագ շախմատի մրցավեճում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տոնեց:

«Կույր» շախմատի մրցաշարում միայն Վասիլի Իվանչուկին հաջողվեց հաղթել: Նրա մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն էր: Կարյակին-Կառլսեն, Թոփալով-Անանդ, Ռաջաբով-Լեկո, Վան Յուե-Կամսկի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Արագ շախմատի մրցաշարում բացի Արոնյանից, հաղթանակ տարավ նաեւ Մագնուս Կառլսենը` պարտության մատնելով Սերգեյ Կարյակինին: Անանդ-Թոփալով, Իվանչուկ-Կրամնիկ, Լեկո-Ռաջաբով, Կամսկի-Վան Յուե պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Ընդհանուր հաշվարկով 4-րդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը, որն առաջատարների եռյակին զիջում է 1,5 միավորով: Մրցաշարի վերջնագծում այդ տարբերությունը զգալի է, ուստի Կրամնիկին շատ դժվար կլինի հասնել առաջատարներին: 9,5 միավոր է վաստակել Պետեր Լեկոն, որին մեկական միավոր են զիջում Թոփալովն ու Կամսկին:

Մրցաշարի 12 մասնակիցներից «կույր» շախմատում բոլորից հաջող է հանդես գալիս Մագնուս Կառլսենը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նրան մեկ միավոր է զիջում Անանդը: Լեկոն ու Արոնյանը վաստակել են 5,5-ական միավոր: Արագ շախմատում իր հավասարը չունի Լեւոն Արոնյանը, որը 6 միավորով գլխավորում է աղյուսակը: Անանդն ու Կամսկին ունեն 5,5-ական միավոր, Կրամնիկի օգտին գրանցված է 5 միավոր:

Մրցաշարի ավարտական երկու տուրերի հանդիպումները կորոշեն հաղթողին: 10-րդ տուրում Արոնյանը կմրցի չին շախմատիստ Վան Յուեյի հետ: Վերջինս մրցաշարի հետնապահն է` իր օգտին գրանցելով 6,5 միավոր: «Կույր» շախմատի մրցախաղերում նա վաստակել է 3 միավոր, արագ շախմատում` 3,5: Եթե Արոնյանին հաջողվի երկու պարտիաներում էլ հաղթել մրցակցին, ապա 1-ին տեղը գրավելու լուրջ հայտ կներկայացնի: Իսկ ավարտական տուրում Լեւոնի մրցակիցը լինելու է բուլղարացի Վեսելին Թոփալովը: Վերջինս վաստակել է 8,5 միավոր: Անանդի մրցակիցներն են լինելու Ալեքսանդր Մորոզեւիչն ու Վան Յուեն: Կառլսենը խաղալու է Կրամնիկի եւ Ռաջաբովի հետ: Առաջատար եռյակից թերեւս ավելի դժվարին է Մագնուս Կառլսենի խնդիրը: Տեսնենք, թե առաջատարներից ով ավելի հաջող հանդես կգա վերջնագծում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4