«Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե թափանցիկ ընտրություններ են անցնելու: Ընտրակեղծիքներ, իհարկե, կլինեն, բայց բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք դրանք», երեկ «Էրեբունի պլազայի» «Դե ֆակտո» ակումբում անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին, նման կարծիք հայտնեց ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը :
Քաղաքապետի ընտրությունների հարցում Բիշարյանը կարեւորում է «Ժառանգություն» կուսակցության դերը, որը ընտրական հանձնաժողովներում տեղեր ունի եւ որոշել է պայքարել կեղծիքների դեմ:
Իսկ կին թեկնածուի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին ամենեւին էլ չի խանգարում Բիշարյանին, որպեսզի նա հաղթանակով դուրս գա: Վերջինիս համար նշանակություն չունի, թե իր հակառակորդը որ ուժի եւ ինչ կուսակցության ներկայացուցիչ է: «Ես էլ վստահ եմ, որ ես եմ հաղթելու», վստահաբար շեշտում է ՕԵԿ ներկայացուցիչը`ակնկալելով նաեւ կանանց աջակցությունն իրեն այս ընտրություններում. «Ես համոզված եմ, որ կանայք կհամախմբվեն ու կաջակցեն ինձ, որովհետեւ, ինչպես ասում են, կանանց ձեռքն ուրիշ է. հո կրակը չենք ընկել տղամարդկանց ձեռքը»:
Խոսելով ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի մասին, կուսակցության փոխնախագահը նախ ասաց, որ ծրագիրը կներկայացվի մի փոքր ուշ, ապա հավելեց. «Ընդհանուր առմամբ Երեւան քաղաքում լուրջ խնդիրներ կան եւ ես կուզենայի, որ Երեւանի բոլոր համայնքները լինեին այնքան զարգացած, որքան Երեւանի կենտրոնն է: Վերջին տարիներին այդքան էլ ծաղկում չեն ապրել Երեւանի համայնքները, որտեղ ընտանիքները լույսի, ջրի, բակերի, խողովակների խնդիր ունեն»:
Լրագրողներից մեկի հարցին, որ եթե այս ընտրություններում պետք է խոսել բացարձակապես Երեւանի կենցաղային խնդիրների մասին, այդ դեպքում ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերն իրենց կուսակցական ցուցակներով, եւ արդյոք գոյություն ունի՞ նժդեհական կամ հայդատական աղբահանություն, նա պատասխանեց. «Այս ընտրությունները չեն կարող քաղաքական բաղադրիչից զերծ մնալ, քանի որ քաղաքական թիմերն են մասնակցելու եւ նրանք են ձեւավորելու քաղաքապետարանը: Ես ուղղակի օրինակը բերեցի, թե Երեւանի քաղաքապետի թեկնածուն ինչի մասին պետք է մտածի: Բայց դա չի նշանակում, որ մենք զերծ պետք է մնանք քաղաքականությունից: Դա հնարավոր էլ չէ»:
Հեղինե Բիշարյանն անընդունելի է համարում այն լուրերի տարածումը, թե մայիսի 31-ի ընտրություններից հետո հնարավոր են հետընտրական այնպիսի զարգացումներ, ինչպես եղել է մարտի 1-ին: «Աստված մի արասցե, որ Ձեր ասածը իրականությանը մոտ լինի, եւ շատ ցավալի է նաեւ, որ մարտյան դեպքերը տեղի ունեցան: Ես որպես կին եւ որպես մայր դեմ եմ նման բաներին, չի կարելի աթոռի կռիվ տալու համար անպայման արյուն թափել, որովհետեւ մենք` որպես նախագահական ընտրություններին մասնակցած եւ նախագահի թեկնածու ունեցած քաղաքական ուժ, երբ որ մեր ձայները տեսանք` արդեն կանգ առանք: Պետք է կանգ առնել եւ հաշտվել այն իրականության հետ, ինչ որ դու ունես: Եվ չգնալ առաջ` ժողովրդի արյան գնով աթոռակռիվ անել»:
Ն. Մ.