«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2009-03-25 | #53, 2009-03-26 | #54, 2009-03-27


ՆՈՐԻՑ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ

Կառավարության շենքի դիմաց երեկՙ ժամը 12-ի սահմաններում, «Հրազդան» տոնավաճառի 30-40 աշխատակիցներ իրենց բողոքի ակցիան էին անցկացնում:

Շուկայի աշխատակիցները երկրորդ օրն է գործադուլ են անում: Նրանք պահանջում են տաղավարների վարձավճարների իջեցում 50 տոկոսի չափով:

Տոնավաճառի աշխատակիցները բողոքում էին, որ բարձր վարձավճարներից բացի «ճգնաժամն է իրենց դռանը չոքել» ու չեն կարողանում առեւտուր անել:

Վաճառականների խոսքերով` «Հրազդանի» այն աշխատակիցներից, ովքեր խնդիրը կառավարությունում ներկայացնելու համար ներս էին մտել, շուկայի տնօրենությունը, որի սեփականատերը պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, պահանջել է հանձնել խանութ-տաղավարների բանալիները:

Շուկայի աշխատակիցները ցանկանում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին հանդիպել: Սակայն կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ երեկ հերթական արտագնա նիստն էին անցկացնում Աղվերանում:

Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց ասաց, որ խնդիրը ներկայացվել է վարչապետին, ծանոթանալու համար երկու օր ժամանակ է հարկավոր, հավելելով, որ այդ տարածքը սեփականություն է եւ կառավարությունը կարող է միայն բարեխոսել:

«Պետք է դիմանան, մինչեւ տեսնենք ինչ կլինի: Պետք է գոնե մի երկու օր սպասեն, իսկ այդ ընթացքում կաշխատեն, թե չեն աշխատի, իրենց գործատուի խնդիրն է», ասաց Ա. Ղազարյանը:

Վաճառականները տեղեկացրին նաեւ, որ «Հրազդան» տոնավաճառի դարպասները ոստիկանները փակել են ու չեն թողնում, որ մյուս աշխատակիցներն էլ միանան բողոքի ակցիային:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4