Նվազել են շատերի ներմուծման, արտահանման ծավալներն ու շրջանառությունները
Այս տարվա հունվարին Հայաստանի խոշոր հարկատուների շրջանառության ծավալները զգալիորեն նվազել են, եւ նրանք ավելի քիչ հարկեր են վճարել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Այդ մասին տեղեկանում ենք պետեկամուտների կոմիտեիՙ խոշոր հարկ վճարողների (325 կազմակերպություն) հարկային վճարումների մոնիտորինգի ցուցանիշներից:
Խոշոր հարկատուներիՙ իրացումից հասույթի ցուցանիշը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 4,9 տոկոսով: Հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ոլորտի 3 խոշորՙ «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների իրացման շրջանառությունը միասին վերցրած նվազել է 5 մլրդ դրամով կամ 35,9 տոկոսով: Այս ընկերությունների արտահանման ցուցանիշը նույնպես նվազել էՙ նախորդ տարվա հունվարի 5,8 մլրդ դրամից հասնելով մինչեւ 2,6 մլրդ դրամիՙ կամ 55,6 տոկոսով: Միաժամանակ, 4 բանկերիՙ «ՎՏԲ Հայաստան բանկ», «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ», «Յունիբանկ» եւ «Արդշինինվեստբանկ», շրջանառությունն ավելացել է 6 մլրդ դրամով կամ 43,4 տոկոսով:
Նվազել են նաեւ խոշոր հարկատուների ներմուծման ծավալներըՙ 33,6 տոկոսով, իսկ մի քանի կազմակերպություններիՙ «Հայռուսգազարդ», «Կարկոմավտո», «Քաղպետրոլսերվիս», «Ֆլեշ» եւ «Գրանդ քենդի» ներմուծման ծավալները միասին վերցրած նվազել են 6,3 մլրդ դրամով կամ 36 տոկոսով:
Խոշոր ընկերությունների իրացման շրջանառությունների, ներմուծման եւ արտահանման ծավալների նվազումը բերել է նրանց վճարած հարկերի նվազմանը, որը հունվարին կազմել է նախորդ տարվա հունվարի 60,1 տոկոսը: Իսկ երեք խոշոր ընկերություններՙ «Հայռուսգազարդը», «Ղ-Տելեկոմը» եւ «Արմենտելը» (որոնք ավանդաբար զբաղեցնում են խոշոր հարկատուների առաջին հորիզոնականները), հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 3,4 մլրդ դրամով կամ 84,2 տոկոսով պակաս են հարկեր վճարել:
Ա. Մ.