«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2009-03-25 | #53, 2009-03-26 | #54, 2009-03-27


ԱՀՄԱԴ ՇԱՄԼՈՒԻ «ԹԱՐՄ ՕԴ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ՀԱՅԵՐԵՆ

Պարսկերեն բնագրից Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ («Էդիթ Պրինթ» հրատ., Երեւան, 2008) լույս է տեսել իրանական ժամանակակից պոեզիայի ճանաչված անուն Ահմադ Շամլուի «Թարմ օդ» բանաստեղծությունների ընտրանին, քաղված հեղինակի «Բանաձեւ», «Թարմ օդ», «Հայելու այգի», «Պահեր եւ մշտապես», «Աիդան հայելու մեջ», «Աիդա, ծառ եւ դաշույն եւ հիշողություն», «Հողի մահերգերը», «Շեմին» եւ այլ ժողովածուներից:

Գիրքը տպագրվել է գրողի այրուՙ Աիդա Սարգսյանի հովանավորությամբ: Ներածականն ամփոփում է Խաչիկ Մանուկյանի ՙ պարսից գրականության եւ դրա հայերեն թարգմանությունների եւ թարգմանչիՙ Ահմադ Շամլուի մասին համառոտ ակնարկները: Պարսկական գրականության դասականներ Ռուդաքին, Ֆիրդուսին, Հաֆեզը, Խայամն ու Սաադին վաղուց արդեն համաշխարհային մշակույթի գանձարանի հարստությունն են դարձելՙ թարգմանված գրեթե բոլոր լեզուներով: Նոր ժամանակների պարսկական գրականությունը (նաեւ գրականագիտական) հայ ընթերցողին հասանելի դարձավ հիմնականում 90-ականների, հետանկախության շրջանում, հրատարակվեցին արձակի եւ բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ, որոնց հայերեն ներկայացնելու մեջ զգալի ավանդ ունի թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը (նա նաեւ «Ղուրանի» թարգմանիչն է):

Ահմադ Շամլուի բանաստեղծական մտածողությունըՙ ազատախոհությունը հավասարապես դրսեւորում է նրա չափածո հորինվածքի ե՛ւ չափ ու կշռույթի, ե՛ւ բովանդակության մեջ: Իբրեւ այլախոհ կեցվածքի, խառնվածքի ստեղծագործող, նրան հաշտ ու հանդարտ կյանք չի տրվել, բազմաթիվ անգամներ գրողի շատ ստեղծագործություններ առգարվվել են, որոշները կրակի մատնվել:

Ահմադ Շամլուն նաեւ գրականագետ էր ու լեզվաբան, այս ուղղությամբ նրա կատարած աշխատանքներն ամփոփվել են ստվարածավալ բանասիրական հանրագիտարանի մեջ («Փողոցի գիրք» կոչված), որի մի մասն է առայժմ լույս տեսել: Նա պարսկերեն է թարգմանել Գ. Լորկայի, Անդրե Ժիդի, Ռոբեր Մերլիի գործերից: Միջազգային ասպարեզ դուրս եկած եւ միջազգային մրցանակներ ստացած գրողը մեծապես նպաստել է ժամանակակից իրանական գրականության զարգացմանը:

Հալածանքների պատճառը, որին ենթարկվեց գրողը, ստեղծագործողի իր ըմբոստ պահվածքն էր, ստեղծագործական էությունը, ներքին կերպը: Կյանքի դժվար պահերին հավատարիմ ընկերը, խոհակիցը կինըՙ Աիդա Սարգսյանն է եղել. նրան ուղղված Ահմադ Շամլուի քնարական մի նամակով էլ բացվում է ժողովածուն, որի բանալին հեղինակի խոսքերն են. «Իմ ստեղծագործություններն ինքնին կատարյալ ինքնակենսագրություն է: Ես հավատացած եմ այն ճշմարտությանը, որ բանաստեղծությունը կյանքից վերցված երեւույթների արտացոլանքը չէ, այլ ամբողջապես կյանքն է»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4